Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կայուն հարթակ բաց մատչելի հրատարակությունների համար

 

 

2018-2019 թվականներին ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Նորվեգիայի Բերգենի համալսարանի գրադարանը համատեղ իրականացրին «Կայուն հարթակի ստեղծում Հայաստանում բաց մատչելի հրատարակությունների համար» ծրագիրը: Հաշվի առնելով այն, որ աշխարհում լայն տարածում է գտել գիտական և հետազոտական աշխատանքների բաց մատչելիության գաղափարը, անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մի այնպիսի հարթակ, որտեղ ՀԱՀ և ՀՀ ՊԿԱ մագիստրանտներն ու ասպիրանտները հնարավորություն կունենան օրինական կարգով գիտական հոդվածներ հրապարակելու և ծանոթանալու իրենց հետաքրքրող նյութերին՝ չխախտելով հեղինակի իրավունքները: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության «Եվրասիա» ծրագրի կողմից ֆինանսավորվող ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել 2018 թ. ապրիլի 18-20-ը:

Փետրվարի 24-ին Պետական կառավարման ակադեմիայում հրավիրված աշխատաժողովը Ակադեմիայի աշխատակիցներին արդեն իսկ իրականացված Ծրագրի մասին ամփոփ տեղեկություն հաղորդելն էր: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց պրոռեկտոր, Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանին և բոլոր այն գործընկերներին, որոնց ջանքերի շնորհիվ ստեղծվել է այդ հարթակը: Նա նշեց, որ լինելով երկրորդ նման հարթակը հանրապետությունում ՝ այն հեղինակներին հնարավորություն է ընձեռում տեսանելի լինելու ողջ աշխարհում: Այնպես որ անհրաժեշտ է աշխատել հարթակի գոյության մասին հնարավորինս շատ մարդկանց իրազեկելու ուղղությամբ:

Թերեզա Խեչոյանը աշխատաժողովի մասնակիցներին ծանոթացրեց Ծրագրի իրականացման ընթացքին և արդյունքներին: Նա շեշտեց, որ բաց մատչելիության հանգամանքը մեծացնում է հրապարակումներին արվող հղումների ինդեքսը: Իսկ որքան շատ է հղում կատարվում տվյալ հեղինակի աշխատանքին, այնքան բարձրանում է նրա՝ որպես հետազոտողի հեղինակությունը:

Նաև տեղեկացրեց, որ «Կայուն հարթակի ստեղծում Հայաստանում բաց մատչելի հրատարակությունների համար» ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ինստիտուցիոնալ պահոց, որտեղ գիտական աշխատանքները կտեղադրվեն ընտրողաբար՝ ըստ դրանց գիտական արժեքի: Հընթացս մշակվել են ինստիտուցիոնալ պահոցի կառավարման ուղեցույց, էլեկտրոնային հրապարակման համաձայնագրի, արգելանքի պահանջագրի և հետկանչի պահանջագրի ձևեր, ինչպես նաև տերմինների համառոտ բառարան: Բոլոր այդ աշխատանքներում հատկապես մեծ ներդրում է ունեցել ՀՀ ՊԿԱ գիտատեխնիկական գրադարանի գլխավոր գրադարանավար Գայանե Նիկողոսյանը:

Այնուհետև քննարկում ծավալվեց պահոցի ընձեռած հնարավորությունների, դրանցից օգտվելու եղանակների վերաբերյալ: ՀՀ ՊԿԱ աշխատակիցները միանշանակ ողջունեցին կայուն հարթակի ստեղծումը:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…