Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կայացավ Էրազմուս+ SMARTI ծրագրի մեկնարկային եռօրյա առցանց հանդիպումը

 

Մարտի 30-ից ապրիլի 1-ը տեղի ունեցավ «Էրազմուս+» բարձրագույն կրթության կարողությունների զարգացման SMARTI (Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Yield, Sustainability and Internationalization/ Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ 15 բուհի ներկայացուցիչներ 6 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Պորտուգալիա, Լատվիա):

Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ծրագրի համակարգող բուհի՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Ջերարդ Քալենը, նույն բուհի Լեզուների և մշակույթի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պրունիչը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և Ռուսաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Օլգա Օլեյնիկովան:

Եռօրյա հանդիպման ընթացքում կոնսորցիումի անդամ բուհերը ներկայացրին իրենց ծրագրային թիմերի անդամներին, այն կրթական ծրագրերը, որոնք պետք է զարգացվեն և խթանվեն Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերում, ինչպես նաև հիմնավորեցին անգլերենի՝ որպես դասավանդման միջոցի կարևորությունը բուհերի միջազգայնացման և ռազմավարական ծրագրերի խթանման տեսանկյունից:

Առանձնահատուկ շեշտվեց ծրագրի շրջանակում նախատեսված՝ «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (EMI) ինը մոդուլի մշակման և բուհերում ներդնելու կարևորությունը:

ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես տեղական համակարգող բուհ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի թիմի անդամները՝ Ակադեմիայի գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանը, միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի պետ Տաթևիկ Մովսիսյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:

Ծրագրի ֆինանսական մասով պատասխանատու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Քրիստինա Սփիրոուն մանրամասն անդրադարձավ ծրագրի ֆինանսական կողմին, իսկ Ջերարդ Քալենը խոսեց կառավարման մի շարք կարևոր խնդիրների մասին:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին եվրոպական գործընկեր բուհերի կողմից աշխատանքային հինգ փաթեթների (նախապատրաստման, մշակման, ազդեցության և տեղեկատվության տարածման, որակի ապահովման, կառավարման) շրջանակներում սահմանված գործողությունները, դրանց իրականացման ժամկետները, ծրագրի կայքի ստեղծման, ձևավորման, բովանդակության, ինչպես նաև այլ տեխնիկական հարցեր:

 

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործընկերների շարքում հատկապես վերջին տարիներին ավելացել է մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների թիվը…