Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին

22 11

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ:
Ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթական հաստատության առաքելությունը և կրթական ծրագրերը: Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայ Եկեղեցու կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված գործակցության և տարբեր միջոցառումների առիթով Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար: Ռեկտորը շեշտեց հայաստանյան բուհերի և Եկեղեցու հարաբերությունների առավել սերտացման և զարգացման անհրաժեշտությունը:
Ապա ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով Կառավարման ակադեմիայի առաքելությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի կառույցների և Ակադեմիայի միջև ձևավորված կապերի և գործակցության առիթով, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հաղորդակից դառնալու հոգևոր արժեքներին և Հայ Եկեղեցու պատմությանը: Այս առիթով Նորին Սրբությունն ընդգծեց, որ երկրի ապագա ղեկավարները հոգևոր և ազգային արժեքների հիման վրա պետք է կարողանան ամրորեն հաստատել պետության կառույցի հիմքերը: 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու քարոզչական գործունեությանը, կրթական և սոցիալական ոլորտներում Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև եկեղեցականների պատրաստությանը և եկեղեցաշինությանը:
Իր հերթին Գարեգին Բ Վեհափառը հետաքրքրվեց Ակադեմիայի ուսումնական ծրագրերով և շրջանավարտներին ընձեռնվող հետագա աշխատանքային հնարավորություններով:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Բուհերի հոգևոր պատասխանատու Բարեշնորհ Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը, չխախտելով արդեն իսկ ձևավորված ավանդույթը…..