Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջազգային գիտաժողով` «Կառավարման ժամանակակից հիմնախնդիրները». գլխավոր նպատակը արդյունավետ կառավարումն է

Հոկտեմբերի 8-ին մեկնարկեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը՝ «Կառավարման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով: Գիտաժողովին մասնակցում են կառավարման ոլորտի մասնագետներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից և Կոլումբուսից: Ընդհանուր առմամբ, գիտաժողովում կհնչի վեց տասնյակից ավելի զեկուցում:

Գիտաժողովի լիագումար նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նրա խոսքով՝ այս հարափոփոխ աշխարհում կառավարման խնդիրն արդիական է թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ մասնավոր ոլորտներում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ փոփոխության ժամանակներում, գլոբալիզացիայի այս պայմաններում և՛ մեծ տերությունները, և՛ փոքր պետությունները շատ կարևոր խնդիր ունեն՝  արդյունավետ կառավարում,– ասաց ՀՀ ՊԿԱ ռեկտորը:- Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ 21-րդ դարում փոխվում են կառավարման բոլոր համակարգերին առաջադրվող պահանջները: Թե՛ քաղաքական, թե՛ պետական համակարգի և թե՛ մասնավոր կազմակերպությունների կառավարումը պահանջում է նոր մոտեցումներ: Հայաստանի Հանրապետությունում նույնպես, վերջին շրջանում երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո, նոր մոտեցումներ են առաջադրված կառավարման համակարգերին: Գլխավոր նպատակը արդյունավետ կառավարումն է»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Երևանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Նա նախ շնորհավորեց Պետական կառավարման ակադեմիայի 25-ամյակը, ապա, անդրադառնալով կառավարման հիմնախնդրին և դրա գիտական հիմնավորման խնդիրներին, նշեց, որ այս ոլորտում անելիքները վերջ չունեն: Հատկապես կարևորեց խնդրի հոգեբանական կողմը՝ նշելով, որ այսօր ողջ աշխարհում մեծ ուշադրություն է հատկացվում մարդկային կապիտալի կառավարման խնդրին:

«Մեր երկիրը նույնպես բարեփոխումների ճանապարհով է գնում և կարևորում է ներդրումների խնդիրը: Ըստ մեր գիտական մոտեցման՝ այդ ներդրումները նախ պետք է կատարվեն յուրաքանչյուր մարդու մեջ՝ նրա կյանքի ողջ ընթացքում: Հուսով եմ, որ այս գիտաժողովում քննարկվող հիմնախնդիրները կլինեն ոչ միայն պետականակենտրոն, այլև մարդակենտրոն, և կունենան միայն դրական արդյունք»,- ասաց Հրանտ Ավանեսյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նույնպես շնորհավորեց Ակադեմիայի 25-ամյակը՝ նշելով, որ քառորդ դարը թեև արդեն ծանրակշիռ տարիք է, բայց, միևնույն ժամանակ, ուժերի ծաղկման շրջան է:

«Պետական կառավարման ակադեմիան շատ կարևոր առաքելություն ունի՝ պատրաստել ճիշտ կառավարողներ: Մենք կարիք ունենք կառավարելու բոլոր ոլորտները, անգամ բնության անկանխատեսելի արհավիրքները: Ամենագլխավորը՝ ինչպես կառավարել մեր վարքը, հոգեկան և ընդհանուր գործունեությունը: Մենք անընդհատ փորձում ենք կառավարել մեր հույզերը, որ հանկարծ մեր կողմից չվերահսկվող իրավիճակ չստեղծվի: Հուսով եմ, որ գիտաժողովի արդյունքում կձևավորվեն նոր տեսակետներ, նոր աշխարհայցք, որոնք հնարավորություն կտան զարգացնելու կառավարման գիտության այս փոքրիկ կղզին»:

Այնուհետև գիտաժողովի օրակարգում լիագումար նիստն էր, որը համակարգում էր ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, «Կառավարչական գործունեության հոգեբանություն» գ/հ կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղուզումցյանը: Նա էլ առաջինը հանդես եկավ զեկուցումով, որը վերնագրված էր «Կառավարչին ներկայացվող ժամանակակից հոգեբանական պահանջները»: Անդրադառնալով կառավարման հոգեբանական կողմին՝ Ռ. Աղուզումցյանը խոսեց մեր կյանքում կառավարման կարևորության, կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող բազմատեսակ ու ոչ հստակ պատկերացումների մասին:

Հաջորդ զեկուցողը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ա.Ա. Գրաչևն էր: Վերջինս «Աշխատողի կերպարը ղեկավարի կառավարչական հայեցակարգում» թեմայով զեկուցման մեջ խոսեց մարդկային ռեսուրսների կառավարման մասին՝ նշելով, որ այսօր կառավարման հիմքում դրվում է անձնակազմի հետաքրքրությունների բավարարման խնդիրը:

Ուշագրավ զեկուցում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, «Գիտության կառավարման հետազոտական կենտրոն» ծրագրի ավագ գիտաշխատող Գառնիկ Նալբանդյանը: «Գիտության և սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացումը բնութագրող ցուցանիշների փոխադարձ կապի էկոնոմետրիկ վերլուծություն և գնահատում». այսպես էր վերնագրված զեկուցումը, որտեղ հեղինակը խոսեց հետազոտության մեթոդների, դիտարկվող ցուցանիշների, գնահատման չափորոշիչների մասին և ներկայացրեց հետազոտության վերջնական արդյունքը:

Լիագումար նիստում հերթական զեկուցումը ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Հարությունյանինն էր: Իր՝ «ՀՀ-ի և ԵՄ երկրների միջև գիտական համագործակցության թվային պատկերը» վերնագրով զեկուցման մեջ հեղինակը նախ վերլուծեց հետխորհրդային տարիներին մեր երկրում գիտության ոլորտում տիրող իրավիճակը, ֆինանսավորման աղբյուրները, այնուհետև ոլորտի զարգացման դինամիկան, որը հատկապես դրական միտում սկսեց դրսևորել 2000-ականների կեսից՝ Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո:

Կոլումբուսում Օհայոյի պետական համալսարանից Պիետրո Շաքարյանի զեկուցումը վերաբերում էր ամենքին հուզող մի թեմայի: Այն վերնագրված էր՝ «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում և հայ-ռուսական հարաբերությունները հեղափոխությունից հետո»: Բանախոսը վստահեցրեց, որ այս երկու երկրների հարաբերությունները փոխադարձորեն շահեկան են, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նոր վարչապետը փորձում է ամրապնդել այդ հարաբերությունները:

«Հեղափոխությունը և քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման գործընթացը». այսպես էր կոչվում ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի զեկուցումը: Պրոֆեսոր Մարգարյանը նախ մեկնաբանեց, թե ինչ է նկատի առնվում քաղաքագիտության մեջ քաղաքական զարգացման ճգնաժամ ասելով, ներկայացրեց ճգնաժամի տեսակները, խոսեց լեգիտիմացման ճգնաժամը կանխելու անհրաժեշտության, ինչպես նաև «թավշյա» և «գունավոր» հեղափոխությունների նուրբ տարբերությունների մասին:

Լիագումար նիստը եզրափակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Հովսեփ Մովսիսյանի՝ «Քաղաքական իշխանության լեգիտիմության արժեքային բազմաչափությունը» թեմայով զեկուզմամբ:

«Կառավարման ժամանակակից հիմնախնդիրները» գիտաժողովի աշխատանքը շարունակվեց առանձին խմբերում: Մասնակիցները կառավարման հիմնախնդիրներն առավել հանգամանորեն քննարկեցին «Կառավարչական գործունեության հոգեբանություն», «Կառավարման  հարցեր», «Արդի հիմնախնդիրները Հարավային Կովկասում», «Քաղաքական կառավարման հիմնախնդիրները» թեմաների ենթատեքստում:

Հոկտեմբերի 9-ին միջազգային գիտաժողովը շարունակեց աշխատանքը: Ավարտին հանձնվեցին գիտաժողովին մասնակցության վկայականներ, իսկ այնուհետև, ավանդույթի համաձայն, արտասահմանցի հյուրերի համար կազմակերպվեց ուղևորություն դեպի Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր:

  

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը