ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մագիստրանտներն անհամբերությամբ են սպասում ոչ միայն կառավարման ամբիոնի դասախոս, դոցենտ Աշոտ Զալինյանի դասաժամերին, այլև նրա դասավանդած առարկայի քննությանը։ Ուսուցման սեփական մեթոդները կիրառելու շնորհիվ Ա. Զալինյանը փորձում է քննությունները զուտ գիտելիքների ստուգման միջոցից վերածել ուսուցման գործընթացի հերթական՝ ոչ պակաս հետաքրքիր փուլի։
Հոկտեմբերի 30-ին «Հանրային կառավարման հիմնախնդիրները» առարկայից միջանկյալ ստուգում էին հանձնում Կառավարում մասնագիտության Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում կրթական ծրագրերի առաջին կուրսի ուսանողները։ Միջանկյալ ստուգումը անցկացվում էր ներկայացման ձևաչափով, որտեղ «դերասաններն» իրենք՝ մագիստրանտներն էին։ Թիմերի բաժանվելով՝ մագիստրանտները նախապես ընտրված թեմաներով 20-25 րոպե տևողությամբ փոքրիկ ներկայացումներ էին բեմադրել: Բոլոր թեմաները մագիստրանտները քննարկում էին աշխարհի տարբեր երկրներում առկա խնդիրների հիման վրա։ Օրինակ՝ տարածքային վեճերի համատեքստում քննարկեցին Ջամմու և Քաշմիրի խնդիրը: Բեմականացնելով որոշակի իրավիճակ՝ մագիստրանտներն արտահայտում էին իրենց դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ։
Քննող դասախոսի համոզմամբ, այս մեթոդը նպաստում է մագիստրանտների՝ հիմնախնդիրները ներկայացնելու հմտությունների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև սեփական ոճի ձևավորմանը: