Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայում նրանք ձեռք են բերել մրցունակ գիտելիքներ

Տասնութ շրջանավարտից 13-ին՝ կարմիր դիպլոմ. սա ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրի 2020-2021 թթ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների արդյունքն է: Ավելի մեծ թվով՝ 52 շրջանավարտ ուներ «Իրավագիտություն» կրթական ծրագիրը. նրանցից հինգն ավարտեցին գերազանցությամբ: Ի դեպ, կարմիր դիպլոմ ստացողներից մեկը սովորում էր առկա համակարգով, չորսը՝ հեռակա: Իսկ ահա «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրի 13 շրջանավարտից 11-ն էր ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերել:

Բոլոր այս շրջանավարտները, որոնք արդեն մագիստրոս են, հուլիսի 20-ին ստացան իրենց դիպլոմները: Նրանց շնորհավորեց և բարի երթ մաղթեց ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը:

«Այսօրվանից դուք դառնում եք մեր մեծ թիմի անդամ,- դիմելով շրջանավարտներին՝ ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:- Ես ինքս այս հաստատության շրջանավարտ եմ և ուզում եմ հավաստիացնել, որ դուք բոլորդ ճիշտ ընտրություն եք կատարել. սովորել եք մի կրթօջախում, որը ձեզ տվել է մրցունակ գիտելիք»:

Խ. Ղազեյանը կրկնակի շնորհավորանքներ հղեց «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրի առաջին թողարկման շրջանավարտներին, ապա հորդորեց ըմբռնումով մոտենալ, եթե ուսուցման կազմակերպման գործում թերություններ նկատած լինեն: Նաև հավաստիացրեց, որ նրանց դիտարկումները կօգնեն կատարելագործելու կրթական գործընթացը:

ՄՌԿ կրթական ծրագրի շրջանավարտներին որպես կոլեգաների դիմեց ծրագրի ղեկավար, ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Լաուրա Պետրոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց մագիստրոսներին ընտրած մասնագիտությանը լրջորեն վերաբերվելու համար և հույս հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրը լինելու է Պետական կառավարման ակադեմիայի այս ծրագրի բրենդը:

ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը խոստովանեց, որ նոր կրթական ծրագիր ներդնելիս դժվար է վստահ լինելը, թե միանշանակ հնարավոր է որակյալ կրթություն ապահովել: Սակայն հույս ունի, որ Ակադեմիային դա հաջողվել է:

«Ձեր դիպլոմը թող լինի ձեր գիտելիքների մասին հավաստող փաստաթուղթը, իսկ այն հիմնական հմտությունները, որ ձեռք եք բերելու աշխատանքում, կարողացեք վերածել եկամուտի»,- ՄՌԿ մագիստրոսներին մաղթեց ամբիոնի վարիչը:

 

 

Նորություններ

2021-2022 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա…