Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայում մեկնարկեց Ամառային դպրոցը

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի և ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հունիսի 15-22-ն անցկացվում է Ամառային դպրոց՝ «Ինքնության հիմնախնդիրները նոր աշխարհակարգի կայացման գործընթացում. Հայաստանի ապագայի տեսլականը» խորագրով։

Ամառային դպրոցի առցանց մեկնարկի կապակցությամբ ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Լոքյանը գոհունակություն հայտնեց նման արդիական թեմայի ընտրության համար և նշեց, որ թեմայի շրջանակում կքննարկվեն հայկական ինքնությանը, աշխարհակարգային փոփոխություններին վերաբերող հարցեր: Պարոն Լոքյանը նաև հույս հայտնեց, որ հոգևոր անվտանգության ու հոգեբանական անվտանգության հարցերի քննարկումների արդյունքում Ամառային դպրոցի մասնակիցները մեր ապագայի տեսլականն իրականացնելուն նպաստող եզրակացություններ կանեն:

Զուգահեռներ անցկացնելով կենդանական աշխարհի հետ՝ ռեկտորը նկատեց, որ սովորաբար կենսունակ են բնական ընտրության պրոցեսում առավել հարմարվող տեսակները, ապա ասաց, որ դա կարող է վերաբերվել նաև ազգերին ու պետություններին, այդ թվում՝ հայերին:

Ռեկտորը արդյունավետ ընթացք մաղթեց այս չափազանց կարևոր թեմայով ակնկալվող քննարկումներին:

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, խոսելով Ամառային դպրոցի թեմայի ընտրության մասին, նշեց, որ ինքնության թեման համապատասխանեցրել են գլոբալ զարգացման միտումներին: Ինչ վերաբերում է կենսունակության խնդրին, որին այսօր բախվել է հայությունը, ապա, տիկին Մարգարյանի խոսքով, կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, թե որքանով մենք կկարողանանք հարմարվել աշխարհին, այլև նրանով, թե որքանով կկարողանանք աշխարհը հարմարեցնել մեզ: 

Ամառային դպրոցի ունկնդիրների համար դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները: Մարիամ Մարգարյանը տեղեկացրեց, որ փորձել են հնարավորինս ընդգրկուն դասախոսական կազմ ընտրել: Դրանում ընդգրկված են թուրքագետներ, գլոբալիստներ, պատմաբաններ, միջազգայնագետներ և, ընդհանրապես, գիտնականներ, որոնք իրենց տեսություններում ամբողջացնում են հասարակության կենսաբանական գոյության, ֆիզիկական անվտանգության խնդիրները: Միաժամանակ, ըստ տիկին Մարգարյանի, Ամառային դպրոցում քննարկումների ժամանակ շեշտը դրվելու է ինքնության բնականոն արդիականացման, ոչ թե ինքնության կորստի, փոշիացման կամ քաոսային ընկալման վրա:

Ակնկալվում է, որ Ամառային դպրոցի ընթացքում կհնչեն տարաբնույթ կարծիքներ ու տեսակետներ, սակայն առանցքային կլինի մեկը. «Մենք հայ ենք, կենսունակ ենք, և մենք ենք կերտելու մեր ապագան»:

Նորություններ

2021-2022 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա…