Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայի մագիստրանտները՝ մեր երկրի ապագա կառավարիչներ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի սովորողների համար նոր ուսումնական տարին սկսվեց Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի ողջույնի խոսքով: Շնորհավորելով բոլորին և հատկապես առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ պարոն Լոքյանն ասաց, որ նրանք շատ ճիշտ ու համարձակ որոշում են կայացրել՝ դիմելով և ընդունվելով ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

«Պետական կառավարման ակադեմիայում մենք պարզապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ չենք պատրաստում. մենք պատրաստում ենք առաջնորդներ: Մեր վաղվա նախարարները, վարչապետները, նախագահները ձեր շարքերում են: Մենք ձե՛զ վրա ենք դնելու մեր հույսը, ձե՛զ ենք վստահելու մեր երեխաների ապագան»,- ասաց ՊԿԱ ռեկտորը՝ նշելով, որ պետականաշինության, պետությունը զարգացնելու պատասխանատվությունը առաջին հերթին դրված է Ակադեմիայում սովորող մագիստրանտների վրա: Այդ խնդիրը լուծելու, իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար անհրաժեշտ են բարձր գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ: Դրանք արհեստավարժ մասնագետ դառնալու կարևոր նախապայման են: Պատահական չի ընտրված նաև Ակադեմիայի գլխավոր կարգախոսը. «Արհեստավարժ հանրային ծառայող՝ կայուն պետություն»:

Դիմելով մագիստրանտներին՝ ռեկտորը շարունակեց.

«Շատ կարևոր է, որ դուք լինելու եք պետության կայացման ու զարգացման գործի մի փոքրիկ պտուտակը: Վստահեցնում եմ, որ Պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ողջ աշխատակազմը ամեն ինչ կանի ձեր ուսումնառությունը լիարժեք կազմակերպելու համար»:

Նա նաև կոչ արեց ուսանողներին հնարավորինս ակտիվ լինել, շատ կարդալ, մասնակիցը լինել Ակադեմիայում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին, գիտաժողովներին, քննարկումներին, հանդիպումներին:

«Այսօրվանից ձեզ համար կյանքի մի նոր փուլ է սկսվում,- ասաց Արսեն Լոքյանը:- Հպարտ եղեք, որ դուք սովորում եք Պետական կառավարման ակադեմիայում, Ակադեմիայի մի մասնիկն եք: Համոզված եղեք, որ Ակադեմիան ձեզ համար դառնալու է հարազատ ու լուսավոր մի օջախ, սնուցող մայր, ինչպիսին եղել է նախորդ տարիների շրջանավարտների համար: Ես ձեզնից բարձր արդյունքներ եմ ակնկալում և վստահ եմ, որ տարիներ անց մեր պետությունը առաջ կգնա նաև ձե՛ր շնորհիվ»:

 

 

Նորություններ

Նոյեմբերի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նշվեց Ուսանողության միջազգային օրը…