Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիան՝ հարազատ օջախ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտները մասնակցեցին ՀՀ ՊԿԱ ուսումնամեթոդական վարչության և ուսանողական խորհրդի կազմակերպած «Իրազեկում» հանդիպում-սեմինարին:

Ողջունելով Ակադեմիայում սովորելու համարձակ որոշում ընդունած, ընդունելության քննությունների փորձությունը հաջողությամբ հաղթահարած և Ակադեմիայի շեմը նոր ոտք դրած մագիստրանտներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ նոր ընդունված ուսանողները պատասխանատվությամբ են կրելու Կառավարման ակադեմիայի մագիստրանտ լինելու պատիվը:

«Մենք ունենք բոլոր նախադրյալները, որ, ի դեմս ձեզ, տեսնենք մեր երկրի կառավարման ոլորտի ապագա մասնագետների ու կառավարիչների: Պետական կառավարման ակադեմիայի բազմաթիվ շրջանավարտներ ուսումնառությունից հետո մասնագիտական առաջընթաց են ունեցել՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ պետական կառավարման ոլորտում: Համոզված եմ, որ տարիներ անց դուք ձեր տեղն եք ունենալու նրանց կողքին՝ ձեր գործունեությամբ հպարտանալու առիթ տալով մեզ:

Վստահ եմ, որ այդ ճանապարհին դուք բարձր կպահեք Ակադեմիայի և Ակադեմիայի ուսանողի պատիվը: Սակայն այդ ամենին հասնելու, պետական կառավարման համակարգում էական դերակատարություն ունենալու, պետության զարգացման գործում ձեր ներդրումն ունենալու համար դուք ուսումնառության բարդ շրջան պիտի անցնեք»:

Արսեն Լոքյանը վստահեցրեց, որ Ակադեմիայի ողջ կազմը ամեն ինչ անելու է մագիստրանտների կրթությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն մագիստրանտներն էլ իրենց հերթին պետք է նպաստեն դրան իրենց պատասխանատվությամբ, ուսման հանդեպ հետաքրքրությամբ, պարտաճանաչ հաճախումներով:

Ռեկտորը շեշտեց ընթերցանության անհրաժեշտությունը, ակտիվ մասնակցությունը Ակադեմիայում կազմակերպվող մշակութային, գիտական, կրթական տարբեր միջոցառումների:

«Բանիմաց և անվանի դասախոսների մի ողջ կազմ պատրաստ է ձեզ հետ կիսելու իրենց հարուստ աշխատանքային փորձն ու կենսափորձը: Աշխատեք հնարավորինս օգուտ քաղել հնարավորությունների այն լայն շրջանակից, որ ընձեռում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, ինչպես օրինակ՝ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրերից, որոնց թիվը տարեցտարի մեծանում է Ակադեմիայի միջազգային ակտիվ համագործակցության շնորհիվ»:

Եզրափակելով իր խոսքը՝ Արսեն Լոքյանը վստահեցրեց, որ Ակադեմիայի հետ հարազատության զգացումով կապվում են բոլոր ուսանողները, և նորեկներն էլ բացառություն չեն լինի:

Շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ Ակադեմիայի հետ կապված լավ հիշողությունների, անցած տարիների ձեռքբերումների մասին խոսեց ՀՀ ՊԿԱ ՈՒԽ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը:

Հանդիպման հիմնական մասում երկրորդ կուրսի մագիստրանտները ներկայացրին Կառավարման ակադեմիայի կրթական ծրագրերը, գնահատման համակարգը և այլ առանձնահատկություններ, որոնք նորեկների համար որպես ուղեցույց կծառայեն ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Նորություններ