Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան 26 տարեկան է

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման մարմնի՝ Խորհրդի հարգելի անդամներ, սիրելի ակադեմիականներ՝ շրջանավարտներ, ուսանողներ, հարգարժան պրոֆեսորներ ու դասախոսներ, աշխատակիցներ

Մայիսի 24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ այս հաստատության ծնունդով մեր նորաստեղծ պետությունն ամրագրեց պետական կառավարման համակարգը նոր մտածողությամբ օժտված արհեստավարժ կադրերով համալրելու իր կամքը: Պետությանն անհրաժեշտ էին կառավարչական հմտություններ ունեցող, խոր ու համապարփակ գիտելիքներով զինված կադրեր, գիտելիքահենք տնտեսության հմուտ կազմակերպիչներ:

Պետական կառավարման ակադեմիան ավելի քան երկուսուկես տասնամյակի դժվարին ճանապարհ է անցել՝ քայլ առ քայլ հաղթահարելով այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները, համագործակցելով մի շարք առաջավոր երկրների համապատասխան կառույցների հետ, ընդօրինակելով և տեղայնացնելով նրանց առաջավոր փորձը, սովորողներին ուսուցանելով նոր ու ժամանակակից կրթական ծրագրերով ու մեթոդներով: Իր լավագույն կադրերին գործուղելով պետական կառավարման համակարգ՝ Ակադեմիան վստահ է եղել, որ նրանք անշրջելի դեր են կատարելու պետականության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիան իր տեսակով եզակի կայացած գիտակրթական հաստատություն է, որի շրջանավարտներն իրենց պետականամետ մտածողությամբ ու երկրի զարգացման տեսլականով պետական կառավարման և մասնավոր ոլորտներում ձևավորում են որակապես նոր մթնոլորտ, և նաև նրա՛նց շնորհիվ է մեր երկիրը հասնելու շենացման ու զարգացման իր սահմանած նշաձողին:

Սիրելի’ ակադեմիականներ, շնորհավորում եմ բոլորիդ ՀՀ ՊԿԱ 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված եղեք, որ Ակադեմիայի ցանկացած ձեռքբերման հիմքում ձեզանից յուրաքանչյուրի ջանքն ու նվիրվածությունն է: Իսկ ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր պատվի և արժանապատվության խնդիրն է համարում մեր հարազատ կրթօջախի առաջընթացը, և որ այսուհետ նույնպես մեր համատեղ ջանքերով նորանոր հետաքրքիր էջեր են ավելանալու Պետական կառավարման ակադեմիայի կենսագրության մեջ:

 

ՀՀ ՊԿԱ ռեկտոր՝ Արսեն Լոքյան

 

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ