Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայի շրջանավարտները աշխատելու և արարելու են ավելի լավ Հայաստանի համար

 

Եվս մեկ ուսումնական տարի հատեց եզրագիծը՝ հայաստանյան բուհերի հազարավոր շրջանավարտների դեպի մեծ կյանք ճանապարհելու երբեմն հանդիսավոր, երբեմն սովորական, սակայն միշտ հիշարժան արարողությամբ. շրջանավարտներին են հանձնվում մասնագիտական կարողությունների վկայությունը հանդիսացող դիպլոմները:

Հուլիսի 5-ին Երևանի «Երազ» համալիրում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը: Այս տարի Կառավարման ակադեմիան մեծ կյանք էր ճանապարհում առկա և հեռակա ուսուցման 173 շրջանավարտի, որոնցից 33-ը ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար արժանացել են գերազանցության դիպլոմի:

Դիպլոմները շրջանավարտներին հանձնելուց առաջ նրանց շնորհավորեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա հատկանշական համարեց այն, որ դիպլոմների հանձնման արարողությունը համընկել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվան, ինչը մեծ խորհուրդ է պարունակում:

Դիմելով արդեն շրջանավարտ դարձած մագիստրանտներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորը ուրախությամբ նշեց, որ ուսումնառության դժվար ու պատասխանատու տարիներն արդեն հետևում են, իսկ առջևում մեծ կյանքն է՝ է՛լ ավելի դժվարին ու պատասխանատու:

«Այսօր դուք գիտելիքների ու կարողությունների մեծ պաշար կուտակած՝ ընդառաջ եք գնում կյանքի փորձություններին,- ասաց նա:- Հուսով եմ, որ Պետական կառավարման ակադեմիայում անցկացրած տարիները շատ բան են փոխել ձեր կյանքում: Գիտելիքներից զատ այստեղ դուք ձեռք եք բերել կայուն արժեքներ, որոնք ձեզ հետ են լինելու ողջ կյանքում: Վստահ եմ, որ դրանք կկիրառեք հանուն մեր երկրի բարգավաճման, մեր պետության շարունակականության: Վստահ եմ նաև, որ տարիներ անց, տեսնելով ձեզ տարբեր ոլորտներում, պիտի հպարտանամ, որ մի մասնիկն եք դարձել պետության կայացման գործի և հնարավորություն ունենք աշխատելու և արարելու ավելի լավ Հայաստանի համար: Պիտի հպարտանամ համատեղ անցած այս ճանապարհի համար»:

Արսեն Լոքյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն դասախոսներին, որոնք այս տարիներին մագիստրանտներին են փոխանցել կյանքում այնքան կարևոր ու թանկարժեք գիտելիքը: Նա համոզված է, որ Ակադեմիայի շրջանավարտներն իրենց հետագա գործունեությամբ կփոխհատուցեն թափված ջանքերը:

«Այսուհետ մենք բոլորս նույն գործն ենք կատարելու՝ զբաղվելու ենք պետականաշինությամբ»,- դիմելով շրջանավարտներին որպես գործընկերների՝ խոսքը եզրափակեց ռեկտորը:

Շրջանավարտների անունից հարազատ կրթօջախին, Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին և բոլոր աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհրդի նախագահը: Նա վստահեցրեց, որ Ակադեմիայից միայն հաճելի հիշողություններ են տանում, գիտելիքներ և կարողություններ՝ հետագայում դրանք փորձով ու հմտություններով հարստացնելու համար:

Ակադեմիայի ռեկտորից և ամբիոնների վարիչներից դիպլոմներն ստանալուց հետո շրջանավարտներին մնում էր միայն լուսանկարների միջոցով հավերժացնել օրվա հուզիչ պահերը:

 

 

 

Նորություններ

2018-2019 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման քննությունների….