Նոյեմբերի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալել էր «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանին և «Երրորդ բնություն» ՀԿ նախագահ Ռաֆայել Մխիթարյանին: Կազմակերպությունը ՄԱԶԾ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագիրը: Կառավարման ակադեմիայի մագիստրանտների համար «Կանաչ տնտեսություն» թեմայով դասընթաց անցկացրեց Գևորգ Պետրոսյանը: Նա նախ պարզաբանեց, թե ինչու է այդքան կարևոր փոխակերպումը կանաչ տնտեսության, ապա խոսեց շրջակա միջավայրի վրա մարդու տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա դրա նպատակը Հայաստանում կանաչ տնտեսության նպատակային քաղաքականության ձևավորմանն ու ազգային զարգացման ծրագրերում ինտեգրմանն աջակցելն է՝ տնտեսության կանաչ փոխակերպման և կենսակայուն զարգացման ոլորտային փորձագետների ներգրավման, հանրային երկխոսության խթանման, շահագրգիռ կողմերի գիտելիքի ու կարողությունների զարգացման միջոցով` հաշվի առնելով ոլորտում առկա տեղական և միջազգային առաջավոր փորձը: Միաժամանակ այն միտված է ցույց տալու, թե կանաչ և բնության վրա հիմնված լուծումներն ինչպես կարող են օգնել ամրապնդելու երկրի տնտեսության մրցունակությունն ու ճկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով ճնշումը բնական էկոհամակարգերի վրա, պակասեցնելով աղտոտվածությունը, խթանելով սոցիալական համախմբվածությունը և ավելացնելով սոցիալական օգուտները:
