Իրավունքը պետք է լինի գերակայող` անկախ իրավիճակից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը պնդում է, որ այս չափանիշի վրա պետք է խարսխված լինի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների գործունեությունը ցանկացած իրավիճակում, անգամ` ամենաարտակարգ: Հենց այդ թեմայով` «Մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամային իրավիճակում», նոյեմբերի 13-ին տիկին Մանասյանը վարպետության դաս անցկացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտների համար:

Ներկայացնելով հյուրին` ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը շնորհակալություն հայտնեց պատրաստակամության համար: Ա. Մանասյանը խոստովանեց, որ այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իսկապես շատ բազմազբաղ է և ծանր պայմաններում է աշխատում. ամենօրյա աշխատանքին գումարվել են արցախահայության անվերջանալի թվացող խնդիրները, ինչը գրասենյակի աշխատողներից մեծ ջանքեր, հուզական կայունություն և մասնագիտական բացառիկ հմտություններ է պահանջում: Մյուս կողմից էլ` «Հայաստանում իրավունքը քաղաքականացնելու «Տոտալ» փորձեր են արվում, ինչը ՄԻՊ համակարգը ճգնաժամի առջև է կանգնեցնում»: Դա ՀՀ ՄԻՊ-ին մտահոգող գլխավոր հարցերից է: Ընդ որում, ըստ տիկին Մանասյանի, դա միայն հայաստանյան իրականության խնդիր չէ, ողջ աշխարհն է մարդու իրավունքների քաղաքականացման վտանգի առջև կանգնած:

Ակադեմիականների հյուրը շատ է կարևորում նաև կրթության և գիտության ոլորտը, որովհետև «առանց կրթության անհնար է ունենալ պատշաճ իրավական համակարգ»: Հենց կրթության բացն է նպաստում, որ մեր կյանքում տեղ գտնի այնպիսի երևույթ, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ընդ որում` դեռ դպրոցից:

Տիկին Մանասյանն առավել հանգամանալից ներկայացրեց այն բարդ իրավիճակը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու հետևանքով: ՄԻՊ գրասենյակը փորձել է աջակցել պետությանը` հնարավորինս լուծելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրները: Իսկ դրանք այնքան բազմազան են, այդ իրավիճակում հայտնվածները` այնքան խոցելի, որ քաոսային վիճակ չառաջանալու համար անհրաժեշտ է դրսևորել բացառիկ պրոֆեսիոնալիզմ և բարեվարքություն: Այս երկու հատկանիշները, տիկին Մանասյանի համոզմամբ, ՄԻՊ գործունեության հիմքն են:

Եվ ամենակարևորը, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այն է, որ «բոլոր դեպքերում իրավունքը պետք է գերակայող լինի, անգամ ճգնաժամային իրավիճակում իրավական չափանիշները պետք է պահպանել»:

ՀՀ ՊԿԱ մագիստրանտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչ խնդիրներ կան ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ի՞նչ խնդիրների են բախվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները, ի՞նչ է արվում Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի ուղղությամբ և այլն:

Իսկ ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի վարիչ Թամարա Շաքարյանի հարցը վերաբերում էր իրավունքի և քաղաքականության սահմանազատմանը. «Ձեզ` որպես իշխանությունների կողմից ընտրված մարդու իրավունքների պաշտպանի, հաջողվե՞լ է պահպանել իրավունքի և քաղաքականության սահմանը»: Անահիտ Մանասյանը հավաստիացրեց, որ հաջողվել է: Նախ` քանի որ երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, ապա` իր համար շատ կարևոր է էթիկայի կանոնների պահպանումը. ինքը կարողանում է իշխանության ներկայացուցիչների հետ խոսել խնդիրների մասին առանց վիրավորելու, ընդհակառակը` դրանք լուծելու մտահոգությամբ:

«Ձեր հայտարարությունները համարձակ էին և ազնիվ»,- հանդիպումն ամփոփեց ռեկտոր Խ. Ղազեյանը` մարդու իրավունքների պաշտպանին հանձնելով Ակադեմիայի հուշանվերը: ՀՀ ՊԿԱ ռեկտորը նաև առաջարկեց օգտագործել Ակադեմիայի ուսանողների ներուժը բարեգործական միջոցառումների ժամանակ:

 

Leave a Reply