Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ի հիշատակ անմահացած ակադեմիականների

 

 

Արցախյան 44-օրյա պատերազմը մի նոր ամսաթիվ ավելացրեց հայ ժողովրդի հիշատակի օրերի ցանկում՝ սեպտեմբերի 27-ը: Արդեն մեկ տարի մեր ժողովուրդն ապրում է անամոք ցավով՝ չհաշտվելով հայրենիքի մի հատվածի և իր լավագույն զավակների կորստի հետ: Պատերազմի տարելիցի կապակցությամբ այսօր ամենուր հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում. ապրողները ոգեկոչում են մեր նահատակված հայորդիների հիշատակը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բազմաթիվ ուսանողներ, շրջանավարտներ ու աշխատակիցներ պատերազմի առաջին իսկ օրից մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները, իրենց հարազատների խաղաղությունն ու անվտանգությունը: Ցավոք, մեր թանկ կորուստների թվում նաև նրանցից հինգի անուններն են՝ մագիստրանտ Դավիթ Բաղդասարյան, շրջանավարտներ Արմեն Բաբայան, Սևակ Սաղաթելյան, Ավետիք Կարճիկյան և Ակադեմիայի աշխատակից, լուսանկարիչ Հարություն Ստեփանյան: Նրանց հիշատակը հավերժացնելու համար Ակադեմիայի ղեկավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ. Ակադեմիայի լսարաններից մեկը կոչել անմահացած ակադեմիականների անունով և նրանց հիշատակին բակում եղևնի տնկել:

Հիշատակի արարողությանը, որն անցկացվեց անմահացածների անունը կրող լսարանում, հրավիրվել էին զոհվածների հարազատները՝ ծնողները, զավակները, եղբայրները, կանայք: Դիմելով նրանց՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանն ասաց.

«Ես գիտեմ, ոչ ոք երբևէ ոչնչով չի կարող փոխարինել մեր թանկագին կորուստները, ոչ մի մխիթարական խոսք, ոչ մի հիշատակի արարողություն կամ միջոցառում չի սփոփի այն վիշտը, որ ապրում են զոհվածների հարազատները: Սակայն մենք կարող ենք վառ պահել մեր անմահացած զավակի, որդու, եղբոր, ամուսնու, ընկերոջ լուսավոր հիշատակը, ապրել նաև նրանց համար, նրանց մասին հիշողություններով, մեր հոգում մշտապես փայփայելով սերը նրանց հանդեպ, ովքեր մեզնից հեռացան գիտակցաբար: Վստահ եմ, որ նրանք ապրում են և ապրելու են սերունդների հիշողություններում:

Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ առողջություն և ազատ, անկախ ու խաղաղ երկրում ապրելու երջանկություն: Վստահ եմ, որ մենք՝ ապրողներս, այնքան արժանապատվություն ունենք, որ ամեն գնով արժանի կլինենք մեր թանկ զոհերի թափած թանկ արյանը…»:

Խ. Ղազեյանը նաև մաղթեց, որ ոչ մի հայ այլևս երբեք նման միջոցառման մասնակցելու առիթ չունենա:

Զոհվածների հարազատներին հանձնվեցին ՀՀ ՊԿԱ հուշանվերներ, որոնք, պարոն Ղազեյանի համոզմամբ, իրենց հատուկ տեղն են զբաղեցնելու հերոսներին նվիրված հուշանկյուններում:

Հիշատակի արարողությանը ներկա էր Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը: Նա մխիթարանքի խոսքով դիմեց ներկաներին՝ վստահություն հայտնելով, որ ոչ մի հայ չի հուսահատվել այս փորձությունից, քանզի հայի ոգին կոտրելու թշնամու բոլոր ջանքերը զուր են անցնելու:

«Պատերազմը միայն ֆիզիկական երևույթ չէ,- ասաց նա:- Գոնե մեր ժողովրդի պարագայում այն հայի պատմական առաքելությունը, նրա գենետիկ հիշողությունն ու ներկան, նրա կապը այս հողի հետ վերացնելու, ընդհատելու ջանքերն են: Բայց այդ բոլոր փորձերը, ինչպես նախկինում, այսօր ևս անհաջողության են մատնվելու»:

Լսարանը լուռ երկյուղածությամբ լսեց անմահացած ուսանողների և շրջանավարտների մասին նրանց դասախոսների՝ ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի և ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանի հիշողությունները: Երիտասարդ սերնդի ապրումներն ու զգացողությունները չափածո տեքստով արտահայտեց ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Վեռա Գալստյանը։ Իսկ Հարություն Ստեփանյանի մասին իր սրտի խոսքն ասաց «Քաղաքացիական ծառայություն» թերթի նախկին խմբագիր Լարիսա Հովհաննիսյանը: Թերևս տեղին է ավելացնել, որ Հարությունին լավագույնս ներկայացնում են նաև նրա արած լուսանկարները, որոնք Ակադեմիայի արխիվի հարստությունն են:

Միջոցառման վերջին ակորդը Ակադեմիայի բակում զոհվածների հարազատների ձեռքով տնկված եղևնին էր: Նորատունկ եղևնին օրհնեցին Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը և Գրասենյակում հոգևոր ծառայություն բերող բարեշնորհ Գրիշա սարկավագ Հարությունյանը:

ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը անմահացած ակադեմիականների հարազատներին առաջարկեց մշտապես պահպանել Ակադեմիայի հետ կապը՝ վստահեցնելով, որ կրթօջախը ցանկացած հարցում նրանց կողքին կլինի և կաջակցի ցանկացած հարցում:

 

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…