Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մենթորություն

 

Մենթորությունը գործընթաց է, որի ընթացքում բարձրաստիճան, կայացած և հեղինակություն վայելող անձինք ուսուցանում, խորհուրդ են տալիս, ուղղորդում և հնարավոր են դարձնում այն անհատների մտավոր, հոգեկան և մասնագիտական զարգացումը, ովքեր համարվում  են իրենց հովանավորյալները (մենթիները):

Մենթորը հավասար կամ համարժեք դիրք ունեցող անձ է, ով ստանձնում է մենթիի (protégé-հովանավորյալ/սան) հովանավորությունը, աջակցում է նրան և աշխատում նրա հետ՝ օգնելով ձևավորել նրա անհատականությունը, ներշնչում է ինքնավստահություն, կրթում կամ ուսուցանում է նրան թե՛ բարձրագույն կրթական հաստատությունում, թե՛ աշխատավայրում և թե՛ կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտներում: Մենթորն օգնում է սովորողներին ընտելանալու  ուսանողական, դասախոսական միջավայրին. վերջիններս հետագայում ևս կարող են ցուցաբերել  իրենց օգնությունն ու աջակցությունը:

Մենթին անձ է, ով ձգտում է անհատական զարգացման, կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները, պատրաստ է իր ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կիրառել գործնականում և պատրաստակամությամբ ընդունում է մենթորի ուղղորդումը, դիտողություններն ու խորհուրդները:

Մենթորային հարաբերություններն օգնող-օժանդակող հարաբերություններ են, որոնք ուղղված են նվաճումներն ու ձեռբերումները զարգացնելուն: Մենթորությունը ներառում է զգացմունքային և հոգեբանական աջակցություն, կարիերային և մասնագիտական զարգացմանը վերաբերող ուղղակի օգնություն և դերային մոդել: Այս հարաբերություններն անձնական են և ենթադրում են ուղղակի համագործակցություն մենթորի և մենթիի միջև:

Մենթորության նպատակը Ակադեմիայի ուսանողների մոտ մասնագիտական գործունեությունը բարելավելն է փորձ ունեցող և հաջողությունների հասած մասնագետների օգնությամբ:

Մենթորը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում ուսանողին ուսուցման ողջ ընթացքում, ինչը նախատեսում է առաջադրանքների կազմում և գնահատում, գործունեության որոշ ուղղություններով ուղղորդում, ընտրված մասնագիտության գծով մասնագիտական գիտելիքների տիրապետման տեսանկյունից գործընթացի ղեկավարում և կազմակերպում, սովորողի ինքնազարգացմանն ու ինքնահաստատմանն աջակցելու նպատակով նրա կարիքների, հետաքրքրությունների ուսումնասիրում:

Գոյություն ունի մենթորության կազմակերպման հինգ տեսակ՝ խմբային, թիմային, հավասարազոր, էլեկտրոնային և անհատական մենթորություն:

Խմբային մենթորության դեպքում մենթորն ունի չորս ուսանողից բաղկացած խումբ և ներկայանում է որպես նրանց առաջնորդ՝ համաձայնելով պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նրանց հետ: Այս հանդիպումների ժամանակ մենթորը ներկայացնում է սեփական կյանքի փորձը, ձեռք բերած հաջողությունները, սովորեցնում մենթիներին մի քանի հմտություններ, կամ պարզապես միասին մասնակցում են հետաքրքիր միջոցառումների:

Թիմային մենթորությունը մի քանի ավագ մենթորների ներգարավվածությունն է մենթիների 1-4 հոգանոց խմբում:

Հավասարազոր մենթորության պարագայում մենթորը հնարավորություն ունի ներգրավելու և/կամ աջակցություն ստանալու ավելի երիտասարդ մենթորից: Վերջինս իր հերթին պետք է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերի մենթիին՝ պահպանելով իր դրական դերային կերպարը ավագ մենթիի մոտ:

Էլեկտրոնային մենթորությունը հարաբերությունների այնպիսի ձև է, երբ մենթորն ու մենթին միմյանց հետ շփվում են ինտերնետի միջոցով շաբաթական առնվազն մեկ անգամ: Տարվա ընթացքում նրանց առերես հանդիպումը կարող է տեղի ունենալ ընդամենը 1-3 անգամ՝ պայմանով, որ մենթորն ինտերնետի միջոցով պետք է տրամադրի համապատասխան և ամբողջական տեղեկատվություն Ակադեմիայի և հետագա աշխատանքի մասին:

Անհատական մենթորությունը մենթորության ավանդական ձևն է, երբ մեկ մենթորին կցվում է մեկ մենթի, և նրանք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում անընդհատ կապի մեջ են միմյանց հետ: Մենթորը տրամադրում է արժեքավոր տեղեկատվություն ակադեմիական կրթության և հետագայում աշխատանքի անցնելու վերաբերյալ, բացի այդ, քննարկվում են կարևոր հարցեր և տարվում է ուղղորդիչ աշխատանք:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն…