ՀՀ ՊԿԱ ռեկտորի տարեկան հաշվետվությունը խորհուրդը դրական գնահատեց

2024 թ. հունվարի 12-ին տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստը: Ռեկտոր Խաչատուր Ղազեյանը Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանը ներկայացրեց ՀՀ ՊԿԱ 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը: Խ. Ղազեյանն անդրադարձավ այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են Ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, կրթության որակի բարելավումը, ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, միջազգային համագործակցության ընդլայնումը, լրացուցիչ կրթության արդիականացմանն ուղղված գործունեությունը, գիտական գործունեության ոլորտի ձեռքբերումները, ֆինանսական գործունեությունը և այլն:

ՀՀ ՊԿԱ խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց Ակադեմիայի գիտական գործունեության ակտիվացման, կրթության որակի բարելավման, հանրային ծառայողների վերապատրաստման ուղղությամբ կատարված քայլերը:

Խորհրդի անդամները իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալուց հետո դրական գնահատեցին ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը:

Այնուհետև խորհուրդը հաստատեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2024 թվականի բյուջեն:

Leave a Reply