Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանի շնորհավորանքը շրջանավարտներին

Սիրելի’ շրջանավարտներ

Դուք այսօր հասել եք մի հանգրվանի, որ պետք է կանգ առնեք և մտովի ամփոփեք ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ձեր անցած ճանապարհը:

Որպես ռեկտոր՝ հպարտ եմ, որ դուք՝ Ակադեմիայի շրջանավարտներդ, կամ, ինչպես մենք ենք ձեզ կոչում, ակադեմիականներդ, ձեր ճանապարհը շարունակելու եք կայուն գիտելիքներով, հմտություններով և կարողություններով զինված:

Ցանկանում եմ շնորհավորել ՀՀ  պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի և անձամբ իմ անունից, քանզի կարծում եմ՝ մենք բոլորս որոշակի լումա ունենք ձեր գիտելիքների հանրագումարում:

Կառավարման ակադեմիան յուրահատուկ է իր առաքելությամբ՝ կրթելով պատրաստել ազգային շահերին ծառայող մասնագետներ: Անցած տարիները փաստում են, որ Ակադեմիան հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը, և մեր հազարավոր շրջանավարտ-մասնագետները ծառայել և մինչ օրս էլ շարունակում են ծառայել հայրենիքին:

Վստահ եմ, որ դուք հավատում եք մեր երկրի վաղվա օրվան, ավելի զարգացած, տարբեր ոլորտներում ամենատարբեր նվաճումներ արձանագրած, միջազգային հարթակներում բարձր հեղինակություն վայելող երկիր ունենալու օրվան, բայց չմոռանաք, որ հենց ինքներդ պետք է լինեք այդ օրը կերտողները, այդ դժվարին գործընթացի ամենաակտիվ մասնակիցները: Այդ գործում ձեր հենարանը թող լինեն ոչ միայն գիտելիքներն ու հմտությունները, այլև այն արժեքները, որոնք Ակադեմիայում ուսանելու ընթացքում քայլ առ քայլ ամրագրվել են ձեր ներքին «սահմանադրության» մեջ:

Ուսումնառության ընթացքում դուք համոզվեցիք, որ այստեղ՝ ձե՛ր Ակադեմիայում, մեծ կարևորություն է տրվում նաև մարդկային որակներին: Համոզված եմ, որ դուք՝ ակադեմիականներդ, երբեք չեք տրվի հեշտ ու կասկածելի ճանապարհով հաջողության հասնելու գայթակղությանը, և ձեր գործունեության հիմքում կլինեն ազնվությունը, սկզբունքայնությունը և այլ առաքինություններ:

Գնահատե՛ք, զարգացրե՛ք և կիրառե՛ք ձեր դասախոսների՝ ամենահմուտ ու հեղինակավոր մասնագետների, ոլորտում կայացած պաշտոնատար անձանց՝ ձեզ մատուցած գիտելիքները, որովհետև երկիրը կայացնելու խնդիրը նաև ձե՛ր խնդիրն է և սուրբ պարտականությունը:

Մենք հավատում ենք, որ Ակադեմիայի կարգախոսը՝ «ԱՅՍՕՐ՝ ՈՒՍԱՆՈՂ, ՎԱՂԸ՝ ԱՌԱՋՆՈՐԴ», հերթական անգամ հաստատվելու է ձեր շնորհիվ:

Կրկին շնորհավորում եմ և բոլորիդ մաղթում բարի երթ ձեր կյանքի գալիք փուլերում:

 

Ռեկտոր՝ Արսեն Լոքյան

 

 

Նորություններ

Մագիստրատուրայի 2020-2021 ուս. տարվա առկա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց