Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ն կրկին հպարտանալու առիթ ունի

 

  

Փետրվարի  17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին պարգևատրելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոս զինվորների հիշատակը։

Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը ոչ միայն հպարտանալու առիթ է, այլև պատասխանատվություն և ձեռք բերածը նորովի վերարժևորելու, հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դժվարությամբ է ընտրել լավագույններին, քանի որ մրցույթն անցել է բավական մրցակցային պայմաններում:

«Չնայած մեր երկրին պատուհասած աղետներին՝ համավարակին և Արցախյան գոյամարտին, որոշեցինք անցկացնել ամենամյա մրցույթը, քանի որ հատկապես նման իրավիճակում կարևոր է գիտելիքի դերն ընդգծելը, իսկ այս մրցույթը հենց դրա համար է- ասել է նա:- Հիմա, առավել քան երբևէ, ուսանողները պետք է լավ սովորեն՝ կիրթ ու կարողունակ հասարակություն և զարգացած պետություն ունենալու համար»:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: Մրցույթում հաղթող են ճանաչվել հանրապետության 16 բուհի 38 ուսանող: ՀՀ ՊԿԱ-ն կրկին հպարտանալու առիթ ունի, քանզի հաղթողների շարքում է նաև «Իրավագիտություն» հեռակա ուսուցմամբ կրթական ծրագրի 2-րդ կուրսի մագիստրանտ Մարիամ Սարգսյանը, որը լավագույններից մեկն է ճանաչվել հասարակագիտության ոլորտում:

Նորություններ

ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտը հերթական անգամ իր գործընկեր հաստատություններին …