ՀՀ ՊԿԱ վերապատրաստման օրակարգում՝ մարդկային ռեսուրսների կառավարում

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում  2023 թ. հունիսի 14-ից հուլիսի 14-ն անցկացվեց «Մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ)» թեմայով արդիականացված, նոր ժամանակներին համահունչ դասընթացը։

Դասընթացի նպատակն էր ձևավորել մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ՝  մասնագիտական, հաղորդակցական, տեղեկատվական, իրավական, սոցիալական և արժեքային կոմպետենցիաներ, որոնց համակցված կիրառությունն աշխատանքային հարաբերություններում հնարավորություն կտա բարձրացնելու աշխատակիցների կատարողականի ցուցանիշները, աշխատանքային մոտիվացիան, ձևավորելու արդյունավետ կորպորատիվ մշակույթ, բարելավելու աշխատանքային մթնոլորտը, ինչպես նաև լուծելու մարդկային ռեսուրսների ոլորտի զարգացման մի շարք խնդիրներ:

Դասընթացում ներառված թեմաները բազմազան էին և վերաբերում էին ժամանակակից կազմակերպությունում մարդկային ռեսուրսների պլանավորմանը, ընտրությանը, մարդկային ռեսուրսների կառավարման դերին, աշխատավարձին, կադրային փաստաթղթաշրջանառությանը, թիմային աշխատանքին, կազմակերպական մշակույթին և այլն։ Հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների լայն իրազեկմանը, ինչն առավել հետաքրքրում էր ունկնդիրներին։

Դասընթացն այնպես էր կազմակերպված, որ լսարանային դասախոսությունների հետ մեկտեղ, որոնք ուղեկցվում էին համապատասխան նյութերի ցուցադրումով, մեծ տեղ էր հատկացվել նաև գործնական և ինտերակտիվ պարապմունքներ, վարժանքներ, ռազմավարական քննարկումներ, իրավիճակային խնդիրների լուծումներ: Ունկնդիրներին հնարավորություն տրվեց կատարելու նաև որոշակի ծավալով ինքնուրույն աշխատանք:

Դասընթացը վարում էին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում լուրջ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներ ու պաշտոնյաներ։

48 ժամ տևած դասընթացի ավարտին 21 ունկնդիրներն ստացան մասնակցության վկայականներ։

 

Leave a Reply