Մարդու իրավունքների ուսուցման (HELP-Human Rights Education for Legal Professionals) եվրոպական ծրագիրը իրավական ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման նպատակով ստեղծված միակ առցանց հարթակն է։ Այն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների ազգային մակարդակով կիրառմանն աջակցելու նպատակով։
Հայաստանում ԵԽ «HELP» ծրագրերի համակարգող Արտեմ Հակոբյանը հոկտեմբերի 5-ին հյուրընկալվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ներկայացնելու HELP-ի առաքելությունը, այն է՝ փոխանցել լավագույն փորձը և տրամադրել խորհրդատվություն իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման ծրագրերի, ուսումնական նյութերի և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ, որոշել ապագա վերապատրաստման առաջնահերթ թեմաները և այլն։ Արտեմ Հակոբյանը պատմեց ծրագրի զարգացման ուղիների մասին, ներկայացրեց, թե ինչպես է ծրագիրը մշակում և առցանց իրականացնում մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացները։
Հանդիպման մասնակիցները՝ Ակադեմիայի «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրանտները, ասպիրանտները և դասախոսները լսեցին պարոն Հակոբյանին՝ ակտիվ հարց ու պատասխանի միջոցով փորձելով հնարավորինս շատ տեղեկություն ստանալ հարթակի, ինչպես նաև ուսանողների մասնագիտական առաջխաղացման այլ հնարավորությունների մասին։ Ակնհայտ էր՝ հարթակում շուտով նրանց տվյալներին կհանդիպենք։