Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվում են հեռավար ուսուցմամբ դասավանդողների վերապատրաստումները

Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հեռավար ուսուցմամբ իրականացվում է «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրը: Այն հասցրել է դառնալ Ակադեմիայի առանցքային և դիմորդների կողմից մեծ պահանջարկ ունեցող կրթական ծրագրերից մեկը։

ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման բաժնում քաջ գիտակցում են, որ ուսուցման այս ձևաչափով ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար պարբերաբար անհրաժեշտ է կազմակերպել դասախոսների վերապատրաստման դասընթացներ:

Հեռավար ուսուցման բաժնի պետ Հասմիկ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլ-հունիս ամիսներին կրթական ծրագրով դասավանդող տասը դասախոս, ինչպես նաև երեք ուսուցիչ մասնակցեցին «Հեռավար ուսուցման դասավանդման հմտություններ (MOODLE ծրագիր)» վերապատրաստման դասընթացին:

Ընդհանուր 64 ժամ տևողությամբ դասընթացի մասնակիցները ութ շաբաթվա ընթացքում ծանոթացան հեռավար ուսուցման կառավարման հարթակում հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկություններին, հեռավար ուսուցման ընթացքում կիրառվող պաշարների տեսակներին, մասնակցեցին գործնական աշխատանքների՝ ներկայացնելով իրենց պատրաստած դասընթացները, որոնք ստուգվեցին և գնահատվեցին դասընթացավարի՝ Հասմիկ Ստեփանյանի կողմից:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։

 

 

 

 

Նորություններ