Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նոր գործընկերը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն է

Առաջնորդվելով կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու սկզբունքով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը հունիսի 11-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հայաստանյան ապահովագրական ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսգոսստրախ-Արմենիայի» հետ համագործակցությունը Կառավարման ակադեմիան սկսել էր շուրջ մեկ տարի առաջ, երբ Ակադեմիայում ներդրվեց «Ապահովագրական գործ» նոր կրթական ծրագիրը: Այս պայմանագրի կնքմամբ ավելի վաղ սկսված գործընկերությունը պարզապես դրվեց իրավական հիմքերի վրա:

Գործընկերների առաջին հանդիպմանը ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ «Ռոսգոսստրախ-Արմենիան» իր առանձնահատուկ տեղը կունենա Կառավարման ակադեմիայի մի քանի տասնյակ գործընկերների ցանկում նախ որպես լավագույն գործընկեր, ապա նաև՝ որպես գործատու: Նա արդարացված համարեց Բոլոնյան գործընթացի դրույթներից բխող այն մոտեցումը, որ լավագույն կրթություն մատուցելու համար բուհը պետք է համագործակցի գործատուների հետ: Հակառակ պարագայում իրականացվող կրթական ծրագիրը թերի կլինի: ՀՀ ՊԿԱ ռեկտորն առաջարկեց գործընկերներին հետագայում իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել «Ապահովագրական գործ» կրթական ծրագրի վերաբերյալ:

«Թեև նոր կրթական ծրագիրը մշակելիս հանգամանորեն ուսումնասիրվել է աշխատաշուկան, այսուհանդերձ, անհնար է ունենալ լավ կրթական ծրագիր՝ առանց դաշտում գործող ընկերությունների աջակցության,- ասաց նա:- Մենք ակնկալում ենք, որ Ակադեմիայի մագիստրանտներն իրենց մասնագիտական պրակտիկան կանցկացնեն նաև «Ռոսգոսստրախ-Արմենիայում»: Ավելին, մեր ուսանողները կարող են մասնակցել ձեր կողմից իրականացվող հետազոտական ծրագրերին, անգամ նրանց մագիստրոսական թեզերը կարող են այդ հետազոտությունների մաս կազմել»:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ տնօրեն Գագիկ Գրիգորյանը նույնպես կարևորեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ հուշագրով վավերացված համագործակցությունը: Նա գոհունակություն հայտնեց, որ այսուհետ այս ոլորտի գործատուները համապատասխան կրթությամբ կադրեր կունենան:

«Կրթությունը մեր գործունեության բաղկացուցիչ մասն է, ինչի համար երբեք միջոցներ չենք խնայում,- ասաց նա:- Ուստի մեծ սիրով պատրաստ ենք ընդլայնելու մեր համագործակցությունը, անհրաժեշտության դեպքում՝ աջակցելու լավագույն ուսանողների առաջընթացին»:

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց