ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ուղերձը Ակադեմիայի 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հարգելի աշխատակիցնե՛ր, դասախոսնե՛ր, ուսանողնե՛ր, նախորդ բոլոր տարիների շրջանավարտնե՛ր, հարգելի ակադեմիականնե՛ր․․․

Մենք այսօր տոնում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պետական կառավարման համակարգում բացառիկ դեր ունեցող կրթական հաստատության՝ մեր սիրելի Ակադեմիայի հիմնադրման 30-ամյակը։ Հաստատություն, որի կենսագրությունը հագեցած է ձեզնից յուրաքանչյուրի ձեռքբերումներով ու հաջողություններով, ձեզնից յուրաքանչյուրի նվիրվածությամբ ու ջանքերով։ Ակադեմիայի համար նախորդ տասնամյակների ընթացքում առաջնային են եղել պետական կառավարման համակարգի համար որակյալ կադրեր պատրաստելու և վերապատրաստելու հանձնառությունը, նորարարությունների կիրառումը գիտական հետազոտություններում, ստեղծարար մտքի խթանումն ու խրախուսումը, կարևոր հմտությունների ու կարողությունների ուսուցումը, բարձր արժեքների սերմանումը։ Հավատարիմ իր առաքելությանը՝ Պետական կառավարման ակադեմիան մշտապես քայլել է նորի ու ավանդականի զուգակցման ճանապարհով, պարբերաբար վերահաստատել իր կայուն դիրքը հանրապետության կրթական համակարգում և այսօր էլ շարունակում է լինել որակյալ և մրցունակ կրթություն ստանալու գրավիչ վայր։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ակադեմիականներ։ Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալից իրադարձության՝ Ակադեմիայի 30-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ բեղմնավոր գործունեություն և երազանքների իրականացում։

Հարգանքով` ռեկտոր Խաչատուր Ղազեյան

Leave a Reply