ՀՀ պետական կառավարման ակադեմիան նշում է հիմնադրման 30-ամյակը

Երեք տասնամյակ առաջ` 1994 թ. մայիսի 24-ին, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը (2002-ից` ՀՀ պետական կառավարման ակադեմիա), իր տեսակով ու նպատակներով եզակի մի հաստատություն, որը երեք տասնամյակ շարունակ որպես կադրային դարբնոց է ծառայել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի համար:

Մայիսի 26-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 30-ամյա հոբելյանը նշվեց ակադեմիականների տարբեր սերունդների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ ՊԿԱ նախկին և ներկա աշխատակիցների մասնակցությամբ: Բեմում առաջինը «Հովեր» պետական կամերային երգչախումբն է, որի կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: Դրան հաջորդեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 30-ամյա ուղու մասին ֆիլմի ցուցադրումը:

Այնուհետև տոնակատարության մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան ստեղծվեց մի այնպիսի բարդ ժամանակաշրջանում, երբ կարևոր էր կառավարիչների` ժամանակի գլոբալ մարտահրավերներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը: Մենք կառուցում էինք բոլորովին նոր պետություն` կառավարման նոր համակարգով, և այդ համակարգը պետք է համահունչ լիներ ժամանակի պահանջներին: Ուստի մեզ անհրաժեշտ էին նոր մտածողությամբ, կառավարչական ունակություններով ու հմտություններով, խոր գիտելիքներով զինված կադրեր, արհեստավարժ ու նախաձեռնող կառավարիչներ, գիտելիքահենք տնտեսության հմուտ կազմակերպիչներ»,- ասաց ՀՀ ՊԿԱ ռեկտորը:

Անդրադառնալով Ակադեմիայի դժվարին, սակայն պատվով անցած ուղուն` ռեկտորը նշեց, որ կրթօջախի դերն ու նշանակությունը որոշվում են ոչ թե նրա գոյության տարիների քանակով, այլ այդ տարիների ձեռքբերումներով, հաջողություններով, վաստակած հեղինակությամբ ու կենսագրությամբ: Նա Ակադեմիայի ամենակարևոր ձեռքբերումը համարեց  նրա տարբեր տարիների շրջանավարտներին, որոնց թվում են կառավարության անդամներ, պետական և մասնավոր հատվածի տարբեր ոլորտների կառավարիչներ, բուհերի ռեկտորներ, դեսպաններ, պատգամավորներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, տարբեր գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ: «Դա նշանակում է, որ Ակադեմիայում ստացած կրթությունը ծառայել է նպատակին` նախկին մագիստրանտներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառում են պետական կառավարման համակարգի տարբեր պաշտոններում»,- շեշտեց Խ. Ղազեյանը:

ՀՀ ՊԿԱ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված էր.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին, շրջանավարտներին և ողջ անձնակազմին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։

…Հետխորհրդային տարածքում Ակադեմիան առաջին ուսումնական հաստատությունն էր, որը պետք է արհեստավարժ մասնագետներ պատրաստեր երկրի կառավարման համակարգի համար: Հայաստանի անկախացումից ի վեր, երբ երկիրն առաջին քայլերն էր կատարում պետականության կերտման, կառավարման նոր համակարգի ձևավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին, օրվա հրամայական էր ապահովել պետական համակարգը արհեստավարժ կադրերով, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության գործառույթների լիարժեք իրականացման համար:

…Այսօր մենք կարող ենք վստահաբար արձանագրել, որ ժամանակի պետական գործիչների, նոր ստեղծված ուսումնական հաստատության ղեկավարության և անձնակազմի հետևողական ջանքերով Կառավարման դպրոցը պատվով հաղթահարեց բոլոր մարտահրավերները և կայացավ որպես ուրույն դիմագիծ ունեցող, Հայաստանի պետականակերտման գործում նշանակալի ավանդ ներդրած կառույց:

…Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, հավատարիմ մնալով իր առաքելությանը, կշարունակի իրականացնել որակյալ կադրերի պատրաստման ու կառավարման համակարգը մասնագետներով համալրելու իր գործառույթը»:

Ողջույնի խոսքից հետո Վ. Դումանյանը հրապարակեց ՀՀ նախագահի հրամանը` ՀՀ ՊԿԱ պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

Ապա բեմ բարձրացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը: Նա Վարչապետի հուշամեդալ հանձնեց ՀՀ ՊԿԱ ուսումնական գործընթացի կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Հարությունյանին, Վարչապետի շնորհակալագրեր` Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, գիտական գործունեության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Ղուշչյանին և Լրացուցիչ կրթության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Նավասարդյանին:

ՀՀ ՊԿԱ նվիրյալներն այդ պարգևին արժանացան հարազատ կրթօջախի 30-րդ տարեդարձի կապակցությամբ` կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

30-ամյակի տոնակատարության մասնակիցներին շնորհավորական խոսք հղեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նշանակությունը կարևորվում է հատկապես այս օրերին, երբ պետական կառավարման մարմինների առջև ամեն օր նոր մարտահրավերներ ու նոր խնդիրներ են հայտնվում։ Ըստ նախարարի՝ շատ կարևոր է, որ ՀՀ ՊԿԱ-ն ապահովի կրթության այնպիսի որակ, որը կնպաստի այդ մարտահրավերների լուծմանը։

«Անցած տարիները ոչ միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, այլև մեր պետության կայացման տարիներն էին,- ասաց Ժ Անդրեասյանը։- Բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ մեր երկրում պետական կառավարման որակը և՛ բարելավվելու տեղ ունի, և՛, միաժամանակ, զարգացման հստակ դինամիկա է գրանցում։ Վերջին տարիների մարտահրավերները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ թեև շատ անելիքներ ունենք ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առումով, սակայն նաև բավարար ուժ ու կարողություն ունենք մեր պետության ամրապնդման և պետականության զարգացման համար։ Բավական է հիշել, թե վերջին տարիներին պետական համակարգը ինչպիսի ճգնաժամերի ու փորձությունների միջով է անցնում»։

Որպես ոլորտի ղեկավար` նախարարը հատկապես կարևոր է համարում, որ Ակադեմիայի վաղվա օրվա մասին խոսելիս առաջին հերթին նկատի ունենանք կրթության որակի բարձրացումը և մեր պետության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման համար բավարար ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը։

«Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակում Պետական կառավարման ակադեմիայի վաղվա օրը մեզ տալու է հենց այն կադրային ռեսուրսը, որն օգնելու է հաղթահարելու բոլոր խնդիրները և գնալու զարգացման ճանապարհով։ Բոլորիս մաղթում եմ հաջող ընթացք»,- խոսքը եզրափակեց տիկին Անդրեասյանը։

Հատկանշական է, որ Ակադեմիայի հոբելյանական տարվա շրջանավարտները իրենց կրթության վավերագրերը` դիպլոմները, ստացան տոնակատարության օրը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Իսկ Ակադեմիան գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին կարմիր դիպլոմները հանձնեցին ՀՀ ՊԿԱ հոբելյանը շնորհավորող պաշտոնատար անձինք` Օպերային թատրոնի բեմում:

ՀՀ ՊԿԱ մեդալով պարգևատրվեցին ՀՀ ՊԿԱ պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը, Ակադեմիայի տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների վարչության պետ Գորիուն Ադամյանը, Լրացուցիչ կրթության վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: Ակադեմիայի խորհրդանշական ժամացույցով պարգևատրվեց ՀՀ ՊԿԱ պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը: Պարգևները հանձնեց Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:

Պաշտոնական արարողությունից հետո համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան):

Տեսանյութը` https://www.1lurer.am/hy/2024/05/28/1/1132317

(17.55 րոպեից )

Leave a Reply