Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիան բաց է բոլոր հետաքրքիր նախագծերի համար

Հունվարի 30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության պատվիրակությանը՝ թիմի ղեկավար Սերվի Նաբուուրսի գլխավորությամբ:

Հանդիպման հիմնական նպատակը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հետ Պետական կառավարման ակադեմիայի համագործակցության տեսլականն ու իրականացված ծրագրերը գնահատելն էր:

Ռեկտոր Արսեն Լոքյանը խոսեց գերմանական ընկերության հետ Կառավարման ակադեմիայի գործընկերային հարաբերությունների մասին, հանգամանորեն ներկայացրեց հարաբերությունների վեցամյա պատմությունը, այդ ընթացքում իրականացված ծրագրերը: Ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցերով եղել է Բեռլինում, Դրեզդենում, Պոտսդամի համալսարանում, ծանոթացել Գերմանիայում  համայնքների խոշորացման գործընթացին:  Այնուհետև ռեկտորը պատմեց Գերմանիայի «Միջազգային միգրացիայի և համագործակցության կենտրոն» կազմակերպության աջակցությամբ հրավիրված փորձագետ, Ակադեմիայի գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Վոլֆգանգ Հարմգարդտի հետ համագործակցության և նրա գործունեության ընթացքում Ակադեմիայի ձեռքբերումների մասին:

Հանդիպման գլխավոր թեմաներից էր նաև նոյեմբերի 1-ին ստորագրված համագործակցության հուշագիրը՝  «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի հետ կենսաբազմազանության կառավարմանը և էկոհամակարգային ծառայություններին վերաբերող թեմաների շրջանակներում իրականացվելիք համատեղ միջոցառումների մասին: ՊԿ ակադեմիայի ռեկտորը կարևորեց հանրային ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ԳՄՀԸ-ի հետ լայնածավալ նախագծերի մեկնարկը: Հյուրերի խնդրանքով նա մանրամասն ներկայացրեց նաև Ակադեմիայում իրականացվող վերապատրաստման և մագիստրոսական կրթական ծրագրերը:

Վերջում Արսեն Լոքյանը հավելեց, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան բաց է բոլոր հետաքրքիր նախագծերի համար, որոնց նպատակը կենսական կարևոր ոլորտներում կրթության միջոցով բարեկեցություն հաստատելն է:

 

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց