Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հեղինակային իրավունքն ու բաց մատչելիությունը միմյանց չեն հակասում

Գիտական և հետազոտական աշխատանքների բաց մատչելիության գաղափարը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանում: Շատերն են կարևորում մի այնպիսի հարթակի ստեղծումը, որտեղ հնարավոր կլինի օրինական կարգով հրապարակել գիտական հոդվածներ և ծանոթանալ հետաքրքրող նյութերի՝ առանց խախտելու հեղինակի իրավունքները:

Մայիսի 13-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց տեղեկատվական աշխատաժողով՝ բաց մատչելիության մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: Աշխատաժողովի ընթացքում Ակադեմիայի աշխատակազմին ներկայացվեց «Կայուն հարթակի ստեղծում Հայաստանում բաց մատչելի հրատարակությունների համար» (OAPA) ծրագիրը:

ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակում արդեն մի քանի համատեղ միջոցառումներ են իրականացվել, և ժամանակն է ամփոփելու արդյունքները և ներկայացնելու այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ «Փափազյան» գրադարանի տնօրեն Սաթենիկ-Բելլա Ավագյանը նշեց, որ հաճույքով են աշխատել Պետական կառավարման ակադեմիայի հետ, քանի որ գործ են ունեցել պատասխանատու և խնդրի կարևորությունը խորապես ըմբռնող մարդկանց հետ:

«Աշխարհն այսօր շարժվում է այդ ուղղությամբ,- ասաց տիկին Ավագյանը:- Բաց մատչելիության տարածումն ավելի կարևորվում է այն պատճառով, որ բուհերի բյուջեների կրճատման միտում կա, ինչի հետևանքով բուհական գրադարաններն ավելի քիչ ֆինանսավորում են ստանում: Ուստի նման հարթակի ստեղծումը շահավետ կլինի և՛ հետազոտողների համար, և՛ նրանց համար, ովքեր ցանկանում են օգտվել այդ նյութերից»:

Անդրադառնալով բաց մատչելիության առավելություններին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ «Փափազյան» գրադարանի սպասարկման և տեղեկատվության բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը խոսեց հեղինակային իրավունքի և բաց մատչելիության կապի մասին: Նշեց, որ առաջին հայացքից հակասական թվացող այդ երևույթներն իրականում փոխլրացնում են միմյանց. առանց հեղինակի թույլտվության հնարավոր չի լինի բաց մատչելի դարձնել նրա ստեղծագործությունները, իսկ մատչելիությունը պետք է ապահովել հեղինակի թելադրած պայմաններով ու հեղինակային պայմանագրով:

 Նա խոսեց հեղինակային իրավունքի բովանդակության, հեղինակի ստեղծագործությունները հանրությանը հասանելի դարձնելու հարցում գրադարանների դերի, արտատպման եղանակով ստեղծագործության վերարտադրման, հեղինակային իրավունքների սահմանափակումների, դրանց խախտման և պաշտպանության միջոցների մասին:

Տիկին Գալստյանը նշեց բաց մատչելիության հիմնական առավելությունները՝ լայն տարածում, համբավ և ճանաչելիություն, համագործակցության լայն հնարավորություններ: Նա անդրադարձավ նաև հեղինակի ստեղծագործությունը համապատասխան հարթակներում տեղադրելու համար անհրաժեշտ լիցենզիաների տեսակներին: Դրանց շնորհիվ հասկանալի է դառնում, թե տվյալ նյութն ինչպիսի օգտագործման համար է թույլատրելի:

Այդ հարթակները համալսարանների համար դառնում են յուրահատուկ ինստիտուցիոնալ պահոցներ: Ինստիտուցիոնալ պահոցների, բուհերի և դասախոսների համար դրանց առավելությունների ու օգուտների մասին խոսեց ՀԲԸՄ «Փափազյան» գրադարանի գրադարանային համակարգերի և էլեկտրոնային ծառայությունների գրադարանավար Տաթևիկ Զարգարյանը: Նա իրենց համալսարանի օրինակով ցույց տվեց, թե ինչ տեսք կարող է ունենալ նման հարթակը, որտեղ ոչ միայն հետազոտություններ են տեղադրվել, այլև տեսանյութեր: Նման մի հարթակ էլ ձևավորվում է Պետական կառավարման ակադեմիայում:

Կարելի է ասել, որ այդ հարթակների միջոցով թվայնացվում է բուհի պատմությունն ու գործունեությունը: Նշվեց, որ երկու բուհերը ծրագրի շրջանակում նաև համատեղ ուղեցույցներ են ստեղծել, որոնք հետագայում կարող են կիրառվել նաև հայաստանյան այլ բուհերի կողմից:

Նորություններ

Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ …..