Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հետազոտություններ՝ ուղղված ապագային

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանություն» ամբիոնը կազմակերպել էր գիտական սեմինար «Կառավարչական գործունեության հոգեբանական հետազոտություններ» թեմայով: Դեկտեմբերի 12-ին մեկնարկած երկօրյա սեմինարի ընթացքում ամբիոնի աշխատակիցները, ասպիրանտներն ու հայցորդները, որպես յուրահատուկ հաշվետվություն, ունկնդիրներին ներկայացրին իրենց հետազոտությունների ուղղությունները, արդեն իսկ կատարած աշխատանքների ընթացքը, ուսումնասիրությունների արդյունքները:

Նման ձևաչափով սեմինար կազմակերպելու գաղափարը և մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա նշեց, որ Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի հետազոտությունները յուրահատուկ տեղ ունեն հայկական հոգեբանական գիտության մեջ: Դիմելով հայցորդներին ու ասպիրանտներին՝ ռեկտորն ասաց, որ նրանցից առավել ակտիվություն է ակնկալում, քանի որ յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքը մուլտիպլիկացիայի էֆեկտ է ունենում՝ դառնալով բոլորի արդյունքը:

Կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը այս սեմինարի առանձնահատկություն համարեց այն հանգամանքը, որ ներկայացվում են ապագային միտված հետազոտություններ, ինչից ակնհայտ կդառնան կառավարման հոգեբանության զարգացման ուղղությունները:

Իր զեկուցման մեջ Ռ. Աղուզումցյանն անդրադարձավ ժամանակակից կառավարչական գործունեության հոգեբանական հիմնախնդիրներին: Նա շեշտեղ այն հանգամանքը, որ շարունակ փոփոխվող աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում կառավարման ոլորտին, և այսօր բոլոր բնագավառներում կառավարչական գործունեության խնդիրներն ուշադրության կենտրոնում են:

Ինչպես են օգտագործվում կառավարչական գործունեության հոգեբանական հետազոտության արդյունքները կառավարիչների պատրաստման գործընթացում. այս թեմային էր վերաբերում Կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանի ելույթը: Նա ափսոսանք հայտնեց, որ այսօրվա կառավարիչները չեն կողմնորոշվում, թե իրենց կատարած հետազոտությունների արդյունքները ինչպես պետք է կիրառեն: Ուստի, ըստ Լ. Պետրոսյանի, իրենք ոչ միայն մասնագիտական գիտելիքներ պետք է սովորեցնեն իրենց ուսանողներին, այլև մասնագիտական դաշտում ապրելու կարողություն:

«Անձնավորության արժեհամակարգի ձևավորման առանձնահատկությունները հոգեբանական պատերազմների պայմաններում» թեմայի շրջանակում ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Նանե Զեյնալյանն ուսումնասիրել է երկու հայկական և երկու ադրբեջանական այն կայքերը, որոնք այցելուների ամենամեծ թիվն են գրանցել: Հետազոտության ընթացքում նա կատարել է փորձագիտական հարցում, բովանդակային վերլուծություն, կիրառել է հետազոտման տարբեր մեթոդներ՝ ազատ ասոցիացիայի մեթոդը, հարցման մեթոդը և այլն:

Առողջապահության ոլորտում կառավարչական գործունեություն իրականացնող անձի հոգեբանական դիմանկարի բացահայտմանն է ուղղված ամբիոնի հայցորդ Ռուբեն Հովհաննիսյանի հետազոտությունը: Ներկայացնելով հետազոտության թիրախը՝ զեկուցողն ասաց, որ արդեն պատկերացնում է, թե ինչպես է կիրառելու իր կատարած հետազոտության արդյունքը:

Երկօրյա սեմինար-հաշվետվության օրակարգում մեկուկես տասնյակ ելույթ է ընդգրկված, որոնց հեղինակները թեմային մոտեցել են տարբեր տեսանկյուններից: Այսպես. «Կադրերի հոգեբանական ընտրության առանձնահատկությունները մեդիա ոլորտում», «Կրթության կառավարիչների մասնագիտական և հոգեբանական որակների համահարաբերակցությունը», «Անձի սպառողական վարքում որոշման կայացման հոգեբանական գործոնները» և այլն: Թեմաների մի մասը ունկնդիրներին կներկայացվի սեմինարի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին:

 

 

Նորություններ