Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի մշտադիտարկում

2017 թ. հունիսի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների մշտադիտարկման նպատակով այցելեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց մշտադիտարկման հանձնաժողովի անդամներին, այնուհետև ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը և համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկայացրին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի ընթացիկ աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը:

Սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Կողմերը փաստեցին, որ ծրագրային փուլով նախատեսված գործողությունների մի մասը, ինչպիսիք են՝ հեռավար ուսուցման հարթակի թարգմանությունը, մասնակցությունը «Կրթություն և կարիերա» էքսպոյին ու  տպագրական փաթեթի իրագործումը, արդեն իսկ ավարտվել են: Լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն, տպագրվել են ծրագրի բուկլետները: Դեռևս ընթացքի մեջ է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը տեղական փորձագետների կողմից և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հեռավար դասընթացների կառուցումը: ՀՀ ԿԳՆ են ներկայացվել փաստաթղթերը՝ հեռավար ուսուցման կազմակերպման և իրականացման նպատակով համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար և համատեղ դիպլոմի ձևաչափի և համապատասխան ներդիրի (հավելվածի) ձևաչափի հաստատման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանը և ինտեգրմանը:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն…