Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայացքով դեպի ֆրանկոֆոն աշխարհը

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հրավերով ապրիլի 11-ին հյուրընկալվել էր Ակադեմիայում: Մագիստրանտների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, խոսեց այդ կառույցի ձևավորման, նպատակների, գործունեության, հիմնախնդիրների մասին:

Տիկին Եսայանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն զարմանալի փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը 2012 թվականին դարձել է Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ այդ կառույցին անդամակցելու համար կարևոր նախապայման է տվյալ երկրում ֆրանսերենի՝ պաշտոնական լեզվի կամ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ ունենալը կամ տվյալ երկրում ֆրանսերենին տիրապետող հանրության առկայությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանը չի բավարարում այդ պայմաններին: Պատգամավորի համոզմամբ, Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավոր է դարձել մի շարք այլ պայմանների և հատկապես ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով: Եվ պատահական չէ, որ վերջին տասնամյակում մեր երկիրը հայացքով շրջվել է դեպի ֆրանկոֆոն աշխարհը:

Ի սկզբանե ստեղծվելով որպես լեզվական և մշակութային կառույց՝ վերջին տարիներին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետաքրքրությունների շրջանակում քաղաքականացման միտում է նկատվում: Այդ հարթության վրա էլ, օգտագործելով կառույցի 84 անդամ-պետությունների լսարանը, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը փորձում է Ֆրանկոֆոնիայի երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովներում ներկայացնել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության խնդիրները: Այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ չեն, ըստ Մարգարիտ Եսայանի, բարենպաստ է Հայաստանի համար. մեր պատվիրակները կարողանում են նաև հայտարարություններ անել, որոնք ընդունվում են ի գիտություն:

Մարգարիտ Եսայանը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում: Եվ այդ պահից սկսած՝ Հայաստանը երկու տարի շարունակ կլինի այդ կառուցի նախագահող երկիրը:

 

 

Նորություններ

Ի հիշատակ
23.04.2018

Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 23-ին Ակադեմիայի մի շարք աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի…..