Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայ ինքնության և հայ տեսակի պահապանները. մեկնարկել է Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացը

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան երկու շաբաթ շարունակ՝ հուլիս 21-ից օգոստոսի 3-ը, իր հարկի տակ ընդունելու է Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած 21 երիտասարդի, որոնք մասնակցում են Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացին:

Դասընթացը կազմակերպվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում: Նույն ծրագրով սփյուռքահայ երիտասարդների մեկ այլ խումբ Երևանի պետական համալսարանում կմասնակցի Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների վերապատրաստման դասընթացին:

Դասընթացների բացումը տեղի է ունեցել հուլիսի 21-ին: Երիտասարդներին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքն է փոխանցել հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը, ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը հույս է հայտնել, որ սփյուռքահայ երիտասարդներն իրենց հետ մի կտոր հայրենիք կտանեն համայնքներ և կփոխանցեն նաև մյուսներին:

Պետական կառավարման ակադեմիան առաջին անգամ է ընդգրկվել վերապատրաստման այս ծրագրում, և այս համագործակցությունն ինքնանպատակ չէ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանի խոսքով՝ Կառավարման ակադեմիան իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի բուհական համակարգում նաև կառավարիչների, հանրային գործիչների պատրաստման առումով, ինչը դասընթացն ակադեմիայի հետ համագործակցությամբ իրականացնելու որոշման հիմնական գործոններից մեկը դարձավ:

 «Երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցում են 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, որոնք ակտիվ դեր ունեն իրենց համայնքային կյանքում: Նրանք երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են, ներկայացուցիչներ, համայնքային գործի կազմակերպիչներ,- ասաց Գրետա Մնացականյանը:- Դասընթացի նպատակը Սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժի առավել կազմակերպմանն ու համախմբմանը, համայնքային կյանքի ակտիվացմանը, երիտասարդների` համայնքների ղեկավարման կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելն է:

Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր առաջնորդների, հայրենադարձների հետ, այցելություններ պատմամշակութային վայրեր»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների ընտրությունը կատարվել է նրանց հայտերի հիման վրա՝ հաշվի առնելով համայնքի ղեկավարի երաշխավորությունը և դիմողների ներկայացրած տեղեկությունն իրենց մասին՝ դասընթացին մասնակցելու նպատակները, մոտիվացիան, ինչպես նաև ստացած գիտելիքները համայնքների երիտասարդությանը փոխանցելու գործընթացի վերաբերյալ իրենց պատկերացումը:  

Դասախոսությունների թեմաները որոշելիս նախապատվությունը տրվել է առավել արդիական թեմաներին, որից հետո Կառավարման ակադեմիայի ղեկավարության հետ ընտրվել են համապատասխան մասնագետները: Մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու ոչ միայն առաջնորդական հմտությունների զարգացմանն ուղղված գիտելիքներ, այլև քննարկելու իրենց հետաքրքրող ցանկացած խնդիր հայկական օրակարգի շրջանակներում:

Հուլիսի 27-ին դասընթացի մասնակիցները կլինեն Իջևանում. այցը կիրականացվի դասընթացների գործընկեր World Vision կազմակերպության հետ համատեղ: Իսկ կիրակի օրը երիտասարդները կլինեն Լոռիում, կայցելեն Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ինչպես նաև COAF Smart կենտրոն:

Ընդամենը դասընթացների երկրորդ օրն է, և մասնակիցներն արդեն լի են տպավորություններով և հստակ կարծիք են կազմել ինչպես Հայաստանի մասին, որտեղ շատերն առաջին անգամ են լինում, այնպես էլ ծրագրի, որից մեծ ակնկալիքներ ունեն:

Մարինա Սարգսյանը Մոսկվայից է: Նա բառացիորեն օրեր առաջ է վայր դրել Մոսկվայի Հայ երիտասարդների միության նախագահի պաշտոնը, սակայն շարունակում է լինել Հայ երիտասարդության ասոցիացիայի փոխնախագահը: Իր գործունեության մեջ ամենակարևորը համարում է տարբեր համալսարանների ուսանողներին միմյանց ծանոթացնելը, հայկական իրականության մեջ ինտեգրելը, որպեսզի այդ հսկա քաղաքում համեմատաբար փոքրաթիվ հայերը չկորցնեն միմյանց, իմանան, որ փոքրիկ հայկական ընտանիք ունեն իրենց համալսարաններում: Այդ նպատակով տարբեր միջոցառումներ են կազմակերպում, լեզվի, պարի դասեր անցկացնում, ակտիվ համագործակցում են դեսպանատան հետ: Օրինակ՝ մի քանի օր առաջ կազմակերպել էին հանդիպում աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

«Այս երկու օրում մեր գործունեությանն առնչվող շատ հետաքրքիր դասախոսություններ լսեցինք: Ստացանք գիտելիք, որը մեզ պետք է գալու մեր աշխատանքում: Ընդհանուր տպավորությունս շատ դրական է: Դասախոսները ջանում են այնպես մատուցել նյութը, որ անգամ հայերենին լավ չտիրապետողներն էլ հասկանան: Անհրաժեշտության դեպքում ընդհատում են և կրկին բացատրում:

Ամենաշատը ցանկանում եմ ծանոթանալ դասընթացի մյուս մասնակիցների հետ, նրանց փորձին. չէ՞ որ սփյուռքը լայն հասկացություն է և, ըստ աշխարհագրության, շատ տարբեր: Ինձ հետաքրքիր են նաև Հայաստանի քաղաքական գործիչների հետ հանդիպումները: Հուսով եմ՝ կկարողանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինան:

Պերմի երկրամասի Հայ մշակույթի կենտրոնի երիտասարդական կոմիտեի անդամ Սյուզաննա Խաչատրյանն առաջին անգամ է Հայաստանում: Թեև գրական լեզվից ավելի լավ տիրապետում է իր հայրենի Վարդենիսի բարբառին, սակայն դա չի խանգարում, որ դասընթացի շնորհիվ իրականացնի իր նվիրական ցանկությունները. նախ իրեն հայ մշակույթի մի մասնիկ զգա, ապա առաջնորդության վերաբերյալ հայ գործիչների ու առաջնորդների տեսակետին ծանոթանա: Վստահ է, որ առաջնորդության և հաղորդակցության վերաբերյալ այստեղ ստացած գիտելիքները օգտակար են լինելու իր գործունեության մեջ, լինի դա պարբերաբար կազմակերպվող «Զարթոնք» փառատոն, «Ոսկե աշուն», թե, օրինակ, Պարույր Սևակին նվիրված գրական ցերեկույթ, որոնց կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից է:

«Առաջին հերթին ես հույս ունեմ այստեղ նոր գիտելիք ձեռք բերել առաջնորդության վերաբերյալ,- ասաց Կիևի հայ համայնքի գործադիր տնօրեն Նադյա Ազարենկոն:- Ամեն տարի այս ոլորտում փոփոխություններ են կատարվում՝ նոր մեթոդներ, օրենքներ, կառավարման նոր ձևեր: Այնպես որ կրթությունն այս ոլորտում շատ կարևոր է, մանավանդ եթե Հայաստանում է. ինձ համար մեծ պատիվ է հայրենիքում գտնվելը: Երկրորդ՝ ամենակարևորը՝ բարելավել Հայաստանի և ուկրաինական սփյուռքի հարաբերությունները: Մենք չենք ուզում թույլ տալ, որ Հայաստանը կամաց-կամաց կորցնի սփյուռքը: Մեր հիմնական նպատակը հայկականությունը պահելն է՝ մշակույթը, լեզուն, ավանդույթները: Իսկ դա հնարավոր չէ անել առանց հայրենիքի հետ սերտ կապի»:

Նադյային հատկապես ուրախացնում է այն, որ շատերը, այդ թվում՝ շատ բարձր վարձատրվող դասախոսներ, հանդիպումների ժամանակ պատրաստակամություն են հայտնել անվճար դասընթացներ կազմակերպելու հենց տեղում: Նման փորձ արդեն ունեն, և համոզված են, որ դրանք զգալիորեն նպաստում են հայկականության պահպանմանը: Ավելին, Կիևի երիտասարդության շրջանում հայրենիք վերադառնալու տրամադրություններ կան, և դրանց ձևավորման համար հատկապես նման ծրագրերն են դեր խաղում: Սփյուռքից երիտասարդները գալիս են «տուն», շփվում միմյանց հետ, իրենց հնարավոր տեղը ճշտում Հայաստանում: Ինքը, օրինակ, նպատակ ունի Հայաստանից հայ երիտասարդների ներառել կրթական այն ծրագրում, որի վրա այժմ աշխատում է: Իսկ այս դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքով կփորձի օգտակար լինել նախ Հայաստանին:

Իրանի Սպահան համայնքի Նոր Ջուղայի «Արարատ» մարզամշակութային միության անդամ Վահե Թահմազյանը նախկինում Հայաստանում է եղել «Արի տուն» ծրագրով: Նրա համար առաջնորդության դասընթացին մասնակցելու գլխավոր շարժառիթը ուրիշ երկրների համայնքների ներկայացուցիչների հետ ծանոթանալն է, նրանց խնդիրները ճանաչելը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Արևելքի բաժնի պատասխանատուների հետ հարաբերություններ ստեղծելը: Նա համոզված է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ամրապնդել և հօգուտ հայապահպանության օգտագործել այդ կապերը, ինչն իրենց գլխավոր նպատակն է:

Դասընթացի բոլոր մասնակիցների կարծիքն արտահայտելով՝ Վահե Թահմազյանը նշեց, որ հյուրընկալությունը բարձր մակարդակով է կազմակերպված՝ հյուրանոցից մինչև դասընթացները, ինչի համար շնորհակալ են և՛ կազմակերպիչներից, և՛ դասընթացավարներից:

«Ծրագիրն այնպես է կազմակերպված, որ բոլորս ենք ակտիվ մասնակցում: Հիանալի երկխոսություն է ստեղծվել, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի պատասխանները: Համոզված ենք, որ 14 օրում կունենանք այն գլոբալ արդյունքը, ինչն այս ծրագրի հիմնական նպատակն է՝ միավորել սփյուռքի տարբեր գաղթօջախների հայերին»,- ասաց Վահեն:

Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասին առաջին երկու օրվա պատկերացումներն ամբողջացրեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը: Նա արդեն հասցրել է մի քանի ժամ դասախոսություն կարդալ սփյուռքահայ երիտասարդների համար և չափազանց տպավորված է նրանց բանիմացությամբ, անկաշկանդ պահվածքով և հատկապես պատվախնդրությամբ:  

«Ինձ դուր եկավ նրանց հանգիստ, օբյեկտիվ գնահատականը իրենց հայրենիքին և իրենց ընդունող հայրենիքին: Անկեղծ ասած, ինձ շատ զարմացրեց նրանց հայակենտրոն մտածողությունը: Ենթադրվում է, որ այդ երիտասարդներից շատերի ծնողները հայրենիքից արտագաղթել են Հայաստանի համար ցուրտ ու մութ տարիներին, հեռացել են հիասթափված: Եվ զարմանալի է, որ երիտասարդները մեծացել են՝ մեծ հետաքրքրություն ունենալով իրենց տեսակի, իրենց հայրենիքի նկատմամբ: Հենց այս երիտասարդներն են, որ հնարավորություն ունեն ավելի ամրապնդելու Հայաստանի կապը այն երկրների հետ, որի քաղաքացին են հիմա»,- ասաց տիկին Մարգարյանը:

 Պրոֆեսորը կարևորում է Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացը և շատ ուրախ է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նման ծրագիր է իրականացնում:

«Գլոբալացվող և հարափոփոխ աշխարհում, երբ որոշակիացված է երիտասարդության նախաձեռնողական ներուժը, շատ կարևոր է, որ մեր հայ երիտասարդներն ավելի շատ կապվեն իրենց հայրենիքի հետ: Նրանք ոչ միայն այդ երկրները կկապեն Հայաստանի հետ, այլև կշարունակեն պահպանել հայ ինքնությունը և հայ տեսակը այդ երկրներում, որտեղ նաև հայի ուծացման վտանգ կա»:

Մարիամ Մարգարյանը կարծում է, որ նման ծրագրեր հաճախ պետք է կազմակերպվեն, իսկ դասախոսները պետք է պարտավորվեն թեմային վերաբերող նյութեր պատրաստել մասնակից երիտասարդների համար: Պրոֆեսորի մյուս ցանկությունն այն է, որ այսպիսի ակտիվ երիտասարդներին հնարավորություն տրվի նաև սովորելու Պետական կառավարման ակադեմիայում, մանավանդ որ Ակադեմիան հեռավար կրթություն է իրականացնում: Անգամ կարելի է առաջարկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին՝ ամենահետաքրքիր ու հաջողված դասախոսությունները ձայնագրել և տեղադրելու համապատասխան էլեկտրոնային հարթակներում:

«Դա նրանց ռազմավարությունից է բխում»,- համոզված է տիկին Մարգարյանը:

Ակնհայտ է, որ առաջին անգամ մասնակցելով նման ծրագրի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան լիովին արդարացնում է մասնակիցների սպասումները: Հուսանք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Կառավարման ակադեմիայի նոր սկսված համագործակցությունը ցանկալի պտուղներ կտա և շարունակելի կլինի:

 

 

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….