Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հաղորդակցական հմտություններ՝ հետագա ողջ կյանքի համար

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները անգնահատելի նվեր ստացան Ակադեմիայի ղեկավարությունից. նոյեմբերի 1-ին այստեղ բացվեց Ուսումնական մեդիա-կենտրոնը և տրվեց «Արդյունավետ հաղորդակցման մշակույթ» երկամսյա կրթական ծրագրի մեկնարկը:

«Հաղորդակցման հմտությունները կառավարչական ամենակարևոր հմտություններից են,- շնորհավորելով ուսանողերին մեդիա-կենտրոնի ձևավորման առթիվ՝ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:- Բնականաբար, նման հմտություններ հնարավոր չէ ձեռք բերել զուտ տեսական դասընթացների միջոցով: Դրանց հետ պետք է համադրել գործնական պարապմունքները, որոնց համար էլ ստեղծվել է այս կենտրոնը»:

Ռեկտորի խոսքով՝ այստեղ փոքրիկ ստեղծագործական միջավայր է ստեղծվելու, որտեղ ուսանողները սովորելու են այնպիսի հմտություններ, որոնք նրանց անհրաժեշտ են լինելու հետագա ողջ գործունեության ընթացքում: Ձևավորված առաջին խմբում Կառավարման ակադեմիայի տարբեր ամբիոնների շուրջ 20 ուսանող է ընդգրկված:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը, շնորհավորելով մագիստրանտներին, նշեց, որ այս ծրագրի շնորհիվ ձեռք բերած հմտությունները նրանց կօգնեն իշխանության երեք թևերից բացի տեղ ունենալու նաև չորրորդ իշխանության մեջ:

«Արդյունավետ հաղորդակցման մշակույթ» պիլոտային կրթական ծրագրի հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու Արսինե Աղաջանյանն է: Ծրագիրն արդեն ստացել է փորձագետների դրական գնահատականը: Եթե արդյունքն էլ դրական լինի, բոլոր նախադրյալները կան, որ այն շարունակական կլինի, կընդգրկի ավելի մեծ թվով ուսանողների և, հնարավոր է, ներառվի Ակադեմիայում ուսուցանվող հիմնական կրթական ծրագրերի ցանկում:

«Հաղորդակցությունը մեծ դեր ունի մեր կյանքում, սակայն դրան քիչ տեղ է հատկացվում»,- ասաց Արսինե Աղաջանյանը և խոստացավ, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում ծրագրի մասնակիցները կյուրացնեն լեզվական հաղորդակցման նրբությունները, կսովորեն աշխատել տեքստի հետ, մասնակցել քննարկումների, տիրապետել հարալեզվական միջոցների և բազմաթիվ այլ հմտությունների:

Ակադեմիայի ռեկտորը ուսանողներին մաղթեց ստեղծարար միտք, նոր գաղափարներ և դրանք կյանքի կոչելու համարձակություն:

 

Նորություններ