Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հավաստագրեր ստացան «Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» դասընթացի մասնակիցները

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվում է «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը, որի մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն են: Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» կողմից: Դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումն է հեռավար ձևով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմների շնորհմամբ:

Հեռավար կրթության մեկնարկից առաջ, որը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով, տեղական փորձագետների կողմից իրականացվել է  պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում: Հուլիսի 31-ին «Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» դասընթացի մասնակիցները շուրջ չորս ամիս տևած վերապատրաստումից հետո ներկայացրին ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների արդյունքը՝ 13 առարկայական ծրագրեր:

Դասախոսներից շատերի համար հեշտ չի եղել կազմել առարկայական ծրագիր՝ չունենալով այդ առումով որևէ փորձ և ամեն ինչ սկսելով գրեթե զրոյից: Սակայն ակնհայտ է, որ դասընթացը բավական արդյունավետ է եղել, քանի որ բոլորն էլ հիմնականում կատարել էին իրենց առջև դրած խնդիրը. առցանց հարթակում ըստ շաբաթների ներկայացրել էին դասընթացի թեմաները, տեղադրել էին տվյալ թեմային վերաբերող տեսանյութեր, տեսաձայնագրություններ, առցանց դասախոսություններ և այլն:

Վերապատրաստված դասախոսները գոհունակություն հայտնեցին ինչպես ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև վերապատրաստման գծով խորհրդատու, դասընթացավար Սաթենիկ Առաքելյանին:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա նշեց, որ հավաստագրերի արժանացած դասախոսները մեր հանրապետությունում առայժմ մրցակից չունեն, քանի որ առաջինն են հեռավար կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել: «Դա մեծ պատասխանատվություն է, որից պետք է պատվով դուրս գալ,- ասաց ռեկտորը:- Հիշեք, որ հանրապետության ողջ կրթական տարածքը ուշադիր հետևում է այն բոլոր գործողություններին, որոնք կատարվում են հեռավար ուսուցման ներդրման ուղղությամբ»:  

 

Նորություններ