Հավակնոտ ակնկալիքներ Էրազմուս + SMARTI ծրագրից

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց Էրազմուս + SMARTI ծրագրի առաջին պիլոտային դասընթացը: Երեք հանդիպումից բաղկացած դասընթացի մասնակիցները հետաքրքիր տեղեկություններ ստացան «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը` կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակներում Ակադեմիայի դասախոսների մշակած մոդուլների մասին:

Ծրագրից ակնկալիքները բավական հավակնոտ են: Մասնավորապես, վերջնարդյունքում հնարավոր է Ակադեմիան ունենա անգլերենով դասավանդվող կրթական ծրագիր, ինչը մեծապես կնպաստի բուհի միջազգայնացմանը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերի շարժունությանը:

Վերջին` երրորդ դասին ՀՀ ՊԿԱ անգլերենի դասախոս Լուսինե Գրիգորյանը բանախոսության թեմա էր ընտրել վերլուծական մտածողությունը: Նա անդրադարձավ վերլուծական մտածողության առավելություններին և դրա ձևավորմանը նպաստող մարտավարություններին ու գործիքներին:

ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը ներկայացրեց Ռիգայի տեխնիկական համալսարանում մշակված հարցաթերթ, որը պարտավոր են լրացնել դասախոսները` իրենց գործընկերների դասերը լսելուց հետո: Հարցերի բավական մեծ քանակը հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկել դասի ընթացքը և անաչառ գնահատական տալ: Ի դեպ, տիկին Խեչոյանը չմոռացավ լսարանի արդեն իսկ կենտրոնացած ուշադրությունը խթանել նախորդ դասից հայտնի «սառցակոտրուկներով»:

Պիլոտային դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը: Իսկ դասընթացավարները` Թերեզա Խեչոյանը և Լուսինե Գրիգորյանը, արժանացան պատվոգրերի` Էրազմուս + SMARTI ծրագրի առաջին պիլոտային դասընթացը պատշաճ կազմակերպելու, բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքի համար:

Leave a Reply