Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հաշմանդամությունը հասարակությունից մեկուսանալու պատճառ չէ

 

 

«Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի հերթական փուլն ավարտվեց: Ծրագիրը համակարգող կրթօջախում` ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպված դասընթացների մասնակիցները «Գրադարանների և հասարակության հասանելիությունը հատուկ կարիքներով սովորողների համար» մոդուլի շրջանակում ոչ միայն նոր գիտելիքներ ստացան, այլև առիթ ունեցան մեկ անգամ ևս խորհելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքի, նրանց համար հատուկ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության, նրանց կյանքի որակը բարելավելու գործում սեփական ներդրումն ունենալու մասին:

Դեկտեմբերի 11-ին Ծրագրի մասնակիցները ճանաչողական այց կատարեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան: Այն գործում է 1990-ական թվականներից` Ամերիկյան համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո, և արդեն մի քանի տարի է, ինչ բաց է ոչ միայն համալսարանի ուսանողների և դասախոսների, այլև ողջ հանրության համար: Գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը և բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրին Հայաստանում միակ բաց բուհական գրադարանի ստեղծման պատմությունը, պայմանները, աշխատանքի սկզբունքները, նորագույն տեխնիկայի օգտագործման մեթոդները: Հատկանշական է, որ այն մատչելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ընթերցասրահի ողջ տարածքում հանգիստ կարելի է տեղաշարժվել անվասայլակով, առանց կողմնակի օգնության վերցնել անհրաժեշտ գիրքը ցածր, հարմարավետ գրադարակներից: Գրադարանում առկա տպագիր գրականությունից բացի, ցանկացողները կարող են օգտվել էլեկտրոնային գրականությունից, տեսողական խնդիր ունեցողները` խոսող գրքերից և այլն: Մի խոսքով, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որ սովորելը լինի հաճելի, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք որևէ դժվարություն չունենան:

Ամերիկյան համալսարանի գրադարան կատարած այցի տպավորությունները Ծրագրի մասնակիցներն արտահայտեցին և քննարկեցին խմբային աշխատանքի ընթացքում:

Թեև Ծրագրի անդամ բուհերի գրադարանային պայմաններն անհամեմատելի են այն ամենի հետ, ինչի ականատեսը եղան դասընթացի մասնակիցները Ամերիկյան համալսարանում, այսուհանդերձ, բոլորն էլ պատրաստակամություն  հայտնեցին ամեն ինչ անելու, որպեսզի իրենց գրադարաններից օգտվելը հնարավորինս մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Դա հասարակության մեջ նրանց ներառելու եղանակներից մեկն է, ինչը խիստ արդիական է մեր օրերում: Իսկ օրեցօր զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը այդ հնարավորությունը լիովին տալիս է:

Դասընթացի վերջին օրը` դեկտեմբերի 18-ին, դասընթացավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը դասընթացի մասնակիցներին առաջարկեց խմբերով (գրադարանավարներ, դասախոսներ, ուսանողներ) ներկայացնել այն երեք ամենակարևոր բաները, որ նրանք սովորեցին Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում: Խմբերը ներկայացրին երեքից ավելի ուշադրության արժանի և ուսանելի բաներ, որոնք կցանկանային ունենալ իրենց գրադարաններում: Այնուհետև դասընթացավարն ամփոփեց ընթացքում քննարկված հարցերը և ներկաների ուշադրությանը ներկայացրեց տեսահոլովակներ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ: Դրանք մեկ անգամ ևս վկայում էին, որ հաշմանդամությունը հասարակությունից մեկուսանալու, ակտիվ կյանքից զրկվելու պատճառ չեն: Հաշմանդամություն ունեցող անձինք մասնակցում են մարզական խաղերի ու մրցումների, զբաղվում են արվեստով, երաժշտությամբ, պարում են… Կարևորը` նրանց մեջ չմարի կենսախնդությունը, իսկ հասարակության մեջ ձևավորվի ճիշտ վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, որոնք ինչ-որ բանով տարբերվում են մյուսներից և որևէ խնդիր ունեն:

Դասընթացի ավարտին մասնակիցներն առաջարկություններ արեցին Ծրագրի հետագա բարեփոխումների վերաբերյալ, իրենց գնահատականը տվեցին կազմակերպված դասընթացին և ստացան մասնակցության հավաստագրեր:

 

 

 

 

 

Նորություններ

2018-2019 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման քննությունների….