Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հարավային Կովկաս. հիմնախնդիրները քննարկվեցին աշնանային քաղաքական դպրոցում

Սեպտեմբերի 7-11-ը ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր աշնանային քաղաքական դպրոց՝ «Հանրային քաղաքականության հիմնախնդիրները Հարավային Կովկասում․ մարտահրավերներ-հնարավորություններ» թեմայով։

Աշնանային քաղաքական դպրոցին մասնակցում էին ինչպես Կառավարման ակադեմիայի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, ուսանողական գիտական ընկերությունների ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք։

Ողջունելով քաղաքական դպրոցի գաղափարը նախաձեռնողներին և մասնակիցներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը քննարկվող թեման համարեց արդիական և հույժ կարևոր։ Այնուհետև բանախոսներից յուրաքանչյուրն իր թեմայի շրջանակում ներկայացրեց առկա խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Այսպես. ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի դասախոսության առանցքում հանրային քաղաքականության ակադեմիական դրսևորումներն էին և դրանց կիրառելիությունը Հարավային Կովկասի երկրներում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական, քաղաքական բաղադրիչներով, պետական կառավարման համակարգով, էլիտայի որակով և այլ հանգամանքներով։

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պրիստոնի համասարանի հետազոտական ծրագրի շրջանավարտ (ԱՄՆ) Ռուբեն Էլամիրյանն անդրադարձավ Հարավային Կովկասի տեղին ու դերին նոր աշխարհակարգի մարտահրավերների ու գլոբալ փոփոխությունների պայմաններում։

«Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հարավային Կովկասում» դասախոսության հեղինակը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքական վերլուծաբան (ԱՄՆ) Կարեն Գալոյանն էր: Կիբեռտարածքը ներկայացնելով որպես տեղեկատվության, կառավարման, հեռահաղորդակցության, հաշվիչ համակարգերի, դրանց հետ աշխատող անձնակազմի և տեղեկատվական հոսքերի համախումբ՝ բանախոսը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և տարբեր սուբյեկտների կողմից օգտագործումը առաջնային են դարձրել կիբեռանվտանգության ապահովման խնդիրները:

Քաղաքագետ էդգար էլբակյանը ներկայացրեց ժամանակակից Ադրբեջանի զարգացման միտումները, անդրադարձավ Ադրբեջանի Հանրապետության քաղաքական և տնտեսական համակարգի, սոցիալ-մշակութային կյանքի հիմնական առանձնահատկություններին։

Մեկ այլ բանախոս՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, «Հայաստանը և Հարավային Կովկասի էներգատրանսպորտային հաղորդակցությունները» վերնագրով դասախոսության մեջ անդրադարձավ էներգետիկ անվտանգությանը, էներգատրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող խնդիրներին՝ դրանք ներկայացնելով թե՛ տեղական և թե՛ միջազգային մակարդակներում։

Չճանաչված պետությունների այժմյան կարգավիճակը, ներառյալ՝ իրավական, առկա խնդիրներն ու հնարավորությունները, ներքին ու արտաքին սպառնալիքները, յուրաքանչյուրի վարած քաղաքականությունը ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի դասախոսության շրջանակում արծարծված հարցերն էին:

Պատմական գիտությունների թեկնածու, Օքսֆորդի համալսարանի ռուս-արևելաեվրոպական հետազոտությունների մագիստրոս, ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անդրանիկ Իսրայելյանը իր  «Թուրքիան և Հարավային Կովկասը» վերտառությամբ դասախոսության մեջ ներկայացրեց Հարավային Կովկասում առկա քաղաքական, աշխարհաքաղաքական ու ռազմավարական խնդիրները և այդ պայմաններում Թուրքիայի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը։

Եվ վերջապես քաղաքական դպրոցի ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեցին Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական երևույթները։ Քաղաքական գիտությունների թեկնածու, «Չինաստան-Եվրասիա» ռազմավարական և քաղաքական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Վիեննայի խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ Մհեր Սահակյանը այդ երևույթներին օբյեկտիվ գնահատական տվեց «Չին-ռուսական տանդեմի աշխարհաքաղաքական շախմատը Եվրասիայում» թեմայով դասախոսության մեջ:

Ամփոփելով՝ նշենք, որ աշնանային քաղաքական դպրոցի շուրջ հարյուր մասնակից ոլորտի լավագույն մասնագետների միջոցով հաղորդակից դարձան քաղաքական գիտության նորագույն մոտեցումներին՝ հընթացս ստանալով իրեն հուզող հարցերի պատասխանները: Պատահական չէ, որ ծրագրի ավարտին քաղաքական դպրոցի ունկնդիրները ցանկություն հայտնեցին ևս մեկ նման դպրոցի մասնակիցը դառնալու, ինչը վկայում է նրանց գոհունակության, դասընթացներից բավարարվածության մասին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…