Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում 2023 թվականի օգոստոսի 28-ին մեկնարկել են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները:
Վերապատրաստումն անցկացվում է միաժամանակ չորս խմբում:
Քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստման դասընթացի առաջին խմբում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության դատախազության 25 քաղաքացիական ծառայողներ:
Քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները մինչև տարվա վերջ կիրականացվեն առնվազն 25 վերապատրաստման ծրագրով:
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կվերապատրաստվեն քաղաքապետարանի շուրջ 300 աշխատակիցներ:
Այսպիսով՝ ՀՀ ՊԿԱ լրացուցիչ կրթության վարչությունը, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական զարգացման միտումները, կարևորում է մարդկային ռեսուրսների շարունակական զարգացումը։ Վարչությունն իր առջև խնդիր է դրել հնարավորություն տալ յուրաքանչյուր ծառայողի ուսումնառության միջոցով ձեռք բերելու և անընդհատ զարգացնելու մասնագիտական, քաղաքացիական և անձի զարգացման ոլորտներում անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները:
Հիշեցնենք, որ լրացուցիչ կրթության հիմնական նպատակը անձի մասնագիտական որակավորման շարունակական բարձրացումն է, քաղաքացիների և հասարակության կրթական պահանջմունքները բավարարելը։
ՀՀ պետական կառավարման ակադեմիան պատրաստ է ստանձնելու բոլոր հանրային ծառայողների վերապատրաստումը կազմակերպելու և իրականացնելու պատասխանատվությունը՝ հանրային ծառայողների համար գերակա համարվող բոլոր ոլորտներում։