«Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագիրն ավարտվեց հաջողությամբ

Ավարտվեցին 2024 թվականի մարտի 20-ին մեկնարկած «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացները՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրով։ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրի դասընթացները կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։

Մայիսի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ամփոփվեց ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը։ Այդ կապակցությամբ Ակադեմիայում հյուրընկալվել էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ և ավագանիների անդամներ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը խորհրդանշական համարեց այն, որ ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի համար հոբելյանական տարում․ այս օրերին Կառավարման ակադեմիան նշում է հիմնադրման 30-ամյակը։ Ռեկտորը հավաստեց, որ Ակադեմիան պատվով է կատարել իր առաքելությունը՝ պատրաստելով և վերապատրաստելով որակյալ կադրեր ՀՀ պետական կառավարման համակարգի համար։

«Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագիրը, ռեկտորի խոսքով, աննախադեպ էր, որն իրականացնելու համար ընտրվել էին ոլորտի լավագույն մասնագետները։ Այն հանգամանքը, որ ավագանիների անդամների մոտ 65 տոկոսը մասնակցել է դասընթացներին, արդեն իսկ հաջողություն է։ Խ․ Ղազեյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ տեխնիկական անձնակազմից մինչև դասավանդողներ, որոնց ջանքերի շնորհիվ իրականացել է այս ծրագիրը։

Կատրին Բուդեր-Պելցն իր ուրախությունն արտահայտեց ծրագրի հաջող ավարտի առթիվ։ Դիմելով միջոցառմանը ներկա գտնվող ավագանու անդամներին՝ շեշտեց նրանց կարևոր դերը համայնքների զարգացման գործում։

«Ձեր աշխատանքի շնորհիվ է կառուցվելու Հայաստանի ապագան, և Հայաստանի բնակչությունն զգալու է, որ ապրում է ժողովրդավարական երկրում։ Ձեր գործունեության միջոցով է ձևավորվում բնակչության վստահությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ»,- ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավարը։

Ուրսուլա Լաուբլին շնորհակալություն հայտնեց այս հաջողված դասընթացին մասնակցած բոլոր կողմերին և խոստովանեց, որ շատ տպավորված է Հայաստանում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացից․ այս առումով Շվեյցարիան սովորելու բան ունի Հայաստանից։ Նա խորհուրդ տվեց ավագանու անդամներին լիարժեք պատկերացնել իրենց լիազորություններն ու առաջնային դերը համայնքներում։

Աշոտ Գիլոյանը նույնպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունից շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնողներին ու հիշեցրեց, որ ավագանու անդամները ծառայություններ են մատուցում հանրությանը և որոշումներ են կայացնում համայնքի համար։ «Այդ դասընթացները նրա համար են, որ զարգացնեք ձեր կարողությունները, ուժեղ լինեք և որակյալ ծառայություններ մատուցեք հասարակությանը»,- ասաց նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը։

Մադլեն Ռաուշենբերգերի խոսքով, ծրագիրը վկայություն է միջազգային համագործակցության մասին։ Իսկ ծրագրի հաջողությունը պայմանավորված է ինչպես դասընթացների կազմակերպիչների, այնպես էլ համայնքների ներկայացուցիչների աշխատանքով։ Որպես ասվածի ապացույց՝ հնարավորություն տրվեց ավագանու երկու կին անդամների պատմելու իրենց տպավորությունները ծրագրից։ Ամենակարևորը, որ նշեցին նրանք, նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունն է։ Այդ գիտելիքները նրանց անհրաժեշտ են լինելու համայնքի համար որոշումներ կայացնելիս։ Պակաս կարևոր չէ կանանց դերի բարձրացումը և ավագանու կազմում կրթական առավել բարձր մակարդակ ունեցող անձանց ընտրելը։

«Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» դասընթացի արդյունքները ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը։ Նա խոսեց դասընթացի նպատակների մասին, ներկայացրեց կազմված երեք մոդուլները, գործնական և թեստային առաջադրանքները, ծրագրի ժամանակացույցը և այլ մանրամասներ։ Հետաքրքիր էր իմանալ, որ, օրինակ, վերապատրաստմանը մասնակցել է կին ավագանու անդամների 72,3 %-ը, տղամարդկանց՝ 60,7 %-ը։ Իսկ ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցել է հանրապետության համայնքների 877 ավագանու անդամ։

Ամփոփելով՝ նշենք, որ «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագիրը վստահաբար կարելի է համարել հաջողված։ Միաժամանակ, ծրագրի ավարտը համագործակցության վերջը չէ։ Ե՛վ ավագանու անդամները, և՛ այդ իրականացնողները հույս ունեն, որ այն շարունակական է լինելու։

Leave a Reply