Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համայնքային խնդիրները լուծելու համար ավագանիների անդամները վերապատրաստման կարիք ունեն

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հուլիսի 2-ից հանրապետության մի քանի մարզերում անցկացնում է համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների վերապատրաստումներ: Վերապատրաստումները կազմակերպվում են Պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև մայիսի 13.05.2019թ. կնքված «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կարիքների համար վերապատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման» պայմանագրի համաձայն:

Պայմանագրով նախատեսված շահառուների թիվը 750 է:

Վերապատրաստումների առաջին փուլում ընդգրկված են Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի համայնքները: Դասընթացների հիմնական մասն արդեն ավարտվել է: Հուլիսի 17-19-ը Գեղարքունիքի համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամների վերջին խումբը կմասնակցի Սևան քաղաքում անցկացվելիք դասընթացներին: Իսկ այսօր վերապատրաստման վերջին դասընթացն էր ընթանում Արարատի մարզպետարանում:

Դասընթացը «ՀՀ մարզերի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում (վերապատրաստում)» խորագիրն էր կրում: Չնայած մարզում գյուղատնտեսական աշխատանքների թեժ սեզոն է, սակայն նոր գիտելիքներ ստանալու և աշխատանքային գործունեության ընթացքում դրանք կիրառելու անհրաժեշտությունը անգամ ամենահեռավոր համայնքներից էր մարդկանց ստիպել իրենց թանկ ժամանակի մի հատված տրամադրել վերապատրաստմանը և հասնել մարզկենտրոն Արտաշատ:

Լուսաշող համայնքից Արտաշես Արշակյանը, օրինակ, մի փոքր ուշացումով է տեղ հասել: Մարզի ամենահեռու համայնքներից մեկի ավագանու անդամը մարզկենտրոն է եկել, իր խոսքով, «380 տուկ անելուց» հետո. խոտը չեն կարող սարում թողնել: Շտապել է, որովհետև այս դասընթացից իր համար օգտակար գիտելիքներ է քաղել հողի սեփականաշնորհման, վարձակալության և այլ հարցերի մասին և այսօր էլ որոշակի ակնկալիքով էր եկել: Ափսոսում է, որ ավագանու անդամ լինելու 18 տարվա ընթացքում առաջին անգամ է վերապատրաստման մասնակցում:

Մինչդեռ Բուրաստան համայնքի ավագանու անդամ և բուժամբուլատորիայի հաշվապահ Աննա Հովսեփյանը ավագանու կազմում է 2016 թվականից: Այս ընթացքում բազմաթիվ այլ դասընթացների է մասնակցել: Նա համոզված է, որ նման դասընթացներն անհրաժեշտություն են, քանի որ համայնքային նշանակության խնդիրները լուծելու համար ավագանու անդամները պատրաստվածության որոշակի մակարդակ պետք է ունենան:

«Լավ կլինի, որ ավագանու բոլոր անդամներն էլ նման դասընթացների մասնակցելու հնարավորություն ունենան,- ասաց Աննա Հովսեփյանը:- Ինքնակրթվելը կարևոր է, բայց միայն դրանով անհրաժեշտ գիտելիքներ ձեռք չես բերի: Շատ կարևոր է դասախոսների հետ անմիջական շփումը, երբ վերջիններս իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում մեզ: Ցանկալի է, որ ավագանիների բոլոր անդամներն էլ ունենան գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որի կարիքն զգացվում է առօրյա պարտականությունները կատարելիս»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացի համար, ավագանու անդամի խոսքով, հետաքրքիր թեմաներ էին ընտրված: Նա հատկապես նշեց հողային օրենսգրքին վերաբերող դասախոսությունը՝ խոստովանելով, որ այդ թեմայի շուրջ իր գիտելիքները լիարժեք չէին: Իսկ տուրիզմի զարգացման թեմայով դասախոսությունը թերևս կնպաստի, որ ունկնդիրների մեջ հետաքրքրություն առաջանա ոլորտի հանդեպ, և իրենք էլ ոչ միայն մասնակցեն կազմակերպվող էքսպոներին, այլև սեփական ծրագրերը ներկայացնեն:

Վերապատրաստման դասընթացի համար մշակված թեմաները ակտուալ և հրատապ, այսօրվա պահանջներին համապատասախան համարեց Մրգավետ համայնքի ավագանու անդամ Արամ Արշակյանը:

«Ֆինանսական հարցերին, հողային օրենսգրքին, բնապահպանությանն առնչվող դասախոսությունները մեզ համար բավական ուսանելի էին,- ասաց նա:- Դասախոսները փորձառու էին և իրենց գիտելիքները փոխանցեցին մեզ, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանք փոխանցենք համայնքների բնակիչներին»:

Արամ Արշակյանն առաջարկեց նման դասընթացներ կազմակերպել համայնքներում: Դրա շնորհիվ ոչ միայն ավագանու անդամներն իրենց ամառային բազմազբաղ օրն ավելի արդյունավետ կկազմակերպեն, այլև համայնքների անդամների շրջանում աշխուժություն ու ոգևորություն կառաջանա, ինչպես նաև յուրօրինակ կապ կստեղծվի համայնքի և  իշխանության միջև:

Իսկ Մրգանուշի ավագանու անդամ Գեղամ Խաչատրյանի առաջարկն ու ցանկությունն այն էր, որ դասընթացին մասնակցեր նաև գյուղատնտեսության ոլորտի մասնագետ և բացատրեր՝ ինչպես ավելի ճիշտ մշակել հողը, որ թափված ջանքերն ավելի արդյունավետ լինեն, բերքատվությունը՝ ավելի բարձր:

Ընդհանրապես, Արարատի մարզում կազմակերպված վերապատրաստման դասընթացների ունկնդիրների առաջնային ցանկությունն այն էր, որ ավագանիների բոլոր անդամները նման դասընթացների մասնակցելու հնարավորություն ունենան և՝ հնարավորինս հաճախ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՀՀ մարզերի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների համար անցկացվող վերապատրաստման դասընթացները կշարունակվեն սեպտեմբերին: Այս անգամ շահառուները կլինեն վերապատրաստումների առաջին փուլում չընդգրկված մարզերի համայնքների ղեկավարներն ու ավագանիների անդամները:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……