Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համարձակների մի նոր սերունդ կլրացնի Ակադեմիայի դիմագիծը. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն ամփոփում է առկա ընդունելության արդյունքները

 – Պարո՛ն Լոքյան, 2020-2021 ուսումնական տարվա առկա ընդունելությունը Պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվեց առցանց հարթակում. ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին:

 – 2020-2021 ուսումնական տարվա առկա ընդունելությունը՝ փաստաթղթերի ընդունումից մինչև քննություններ, այո՛, կազմակերպվեց առցանց ձևաչափով: Ամփոփելով արդյունքները՝ պետք է արձանագրել, որ դրանք բավական գոհացուցիչ են, քանզի դիմորդների թվի աննախադեպ աճ գրանցեցինք (նախորդ տարվա համեմատ՝ 60%-ից ավելի դիմորդներ): Ելնելով աշխատաշուկայի միտումներից, մասնագիտությունների առաջարկ-պահանջարկից՝ որոշ կրթական ծրագրեր դիմորդների մեծ հոսք ապահովեցին, հատկապես «Գործարար վարչարարություն (MBA)»՝ առկա և հեռավար ձևաչափերով, «Հանրային կառավարում», «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում», «Իրավագիտություն» մասնագիտություններով: Ուրախալի է, որ այս տարի դիմորդները հետաքրքրություն ցուցաբերեցին նաև «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի հանդեպ, ինչը վկայում է ոլորտի կարևորության մասին:

Կարող ենք ասել, որ առցանց ընդունելությանն առնչվող խնդիրները հաղթահարվեցին ճիշտ կազմակերպվածության շնորհիվ: Այս առումով նշեմ, որ մեզ շատ օգնեց մեր եվրոպական գործընկերոջ՝ Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հեռավար կրթության կազմակերպման փորձը: Մանրակրկիտ ուսումնասիրելով այն՝ համոզվեցինք, որ մեր ստեղծած կոնսորցիումային հարթակն արդյունավետ կլինի հետագա ուսուցման կազմակերպման համար ևս:

 –  Իսկ ինչպե՞ս արձագանքեցին հեռավար ուսուցմանը Ակադեմիայի՝ առկա ձևով սովորող մագիստրանտները:

 – Իրարամերժ կարծիքներ, իհարկե, եղան: Ուսանողների մի ստվար զանգված անհանգստանում էր, որ հեռավար ուսուցումն անարդյունավետ կլինի: Այսուհանդերձ բոլորն էլ հասկանում էին, որ դա իրավիճակով պայմանավորված գործընթաց է: Սակայն մի մասն էլ հաճույքով ընդունեց մարտահրավերը, քանզի այս եղանակով հնարավոր եղավ համատեղել աշխատանքը և լուծել մարզից քաղաք տեղաշարժվելու խնդիրը: Իհարկե, կրթության ոլորտում դեմ առ դեմ շփումը, որին կողմ է նաև դասախոսների մեծ մասը, բավական կարևոր է, սակայն երբեմն, անկախ մեր ցանկություններից, ստիպված ենք լինում հարմարվել իրավիճակին և ենթարկվել սահմանված կանոններին:

  –  Ըստ Ձեզ՝ արդյունավե՞տ է արդյոք կրթության իրականացման հեռավար եղանակը:

 –  Իմ կարծիքով, միայն առցանց ձևաչափով ուսուցումն այդքան էլ արդյունավետ չէ, եթե համեմատենք այն ուսուցման դասական ձևի հետ: Բայց եկեք դա դիտարկենք այլ հարթության մեջ: Մեր օրերում շատերն են բազմազբաղ կամ ունեն տեղաշարժման խնդիրներ, և առկա ուսուցումը ոչ բոլորին է հարմար: Այս դեպքում օգնության է գալիս առցանց կրթությունը: Կարծում եմ՝ առաջիկա տասնամյակում կրթական համակարգում ավելի մեծ տեղ կգրավի հիբրիդային, համադրված ձևաչափով ուսուցումը, որի դրական արդյունքները երկար չեն սպասեցնի:

 –   Ստեղծված իրավիճակում Կառավարման ակադեմիան ի՞նչ արտոնություններ տրամադրեց իր ուսանողներին:

 – Ուսանողների համար նախ պետական ծրագրերով մի շարք արտոնություններ սահմանվեցին: Մենք էլ մեր հերթին օժանդակության մի շարք ծրագրերով հանդես եկանք: Դրանցից ամենակարևորը զեղչային բավական ճկուն համակարգի կիրառումն էր, ինչը թեթևացրեց մեր մագիստրանտներից շատերի ֆինանսական բեռը:

 –  Սեպտեմբերի 15-ին ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Պետական կառավարման ակադեմիայում մեկնարկում է նոր ուսումնական տարին: Ի՞նչ ուղերձ եք ցանկանում հղել:

 –  Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նախ ողջունել բոլոր այն համարձակներին, որոնք խոչընդոտ չեն համարում ներկայիս իրավիճակը՝ իրականացնելու կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքը: Այսպիսի գիտակից և համարձակ, ցանկացած մարտահրավերի դիմագրավելու պատրաստ սերունդ է ցանկանում կրթել ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Բոլորին բարի գալուստ և ուսումնական հաջող տարի եմ մաղթում: Նաև վստահեցնում եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած հարցում նրանց կողքին լինելու, լսելու, քննարկելու նրանց խնդիրները և ընդունելու ուսանողամետ որոշումներ:

Նաև հիշեցնեմ, որ Ակադեմիայում արդեն իսկ մեկնարկել է հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերի առցանց ընդունումը: Հավատացած եմ, որ հեռակա ուսուցմամբ մեզ միացողները ևս համալրելու են մեր երկրի վաղվա օրը կերտողների բանակը:

 

Հարցազրույցը՝ ՀՀ ՊԿԱ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…