Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցությունը կխորացվի նաև հոգեբանության ոլորտում

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանի միջև համագործակցությունն ընդլայնում է սահմանները:

Մայիսի 7-ին Կառավարման ակադեմիան հյուրընկալել էր գործընկեր համալսարանի հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարիելա Պավալաչե-Իլիեին և պրոֆեսոր Մարսելա Ռոդիկա Լուկային:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը խոսեց Տրանսիլվանիայի համալսարանից իրենց այցելության ժամանակ ստացած տպավորությունների մասին: Նա նշեց, որ երկու հաստատությունների միջև համագործակցության բազմաթիվ ընդհանուր եզրեր կան, սակայն այժմ իրենց ուշադրությունն ավելի շատ բևեռված է հոգեբանության և կառավարման ոլորտներում համագործակցության վրա: Հենց այդ ոլորտներում համագործակցության վերաբերյալ երկու հաստատությունների միջև հուշագիր կստորագրվի:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը, ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը, ամբիոնի ասիստենտ Սոնա Պողոսյանը:

Ռ. Աղուզումցյանը ներկայացրեց ամբիոնի գործունեությունը, հոգեբանական ուղղությունները, խոսեց ամբիոնում իրականացվող ուսումնական հետաքրքիր ծրագրի՝ ստեղծարար կառավարման մասին, նշեց, թե որքան արդյունավետ կարող է լինել ուսումնական ծրագրում այն որպես դասընթաց ներառելը: Ամբիոնի վարիչն անդրադարձավ նաև ամբիոնի ուսումնասիրության առարկա դարձած՝ անձի հոգեբանական դիմանկարի առանձնահատկություններին, հանգամանորեն ներկայացրեց հոգեբանական դիմանկարի անձնագիրը:

Կողմերը զրուցեցին ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին, ներկայացրին դասախոսական իրենց փորձը, քննարկեցին ընդունելության կարգը:

Տրանսիլվանիա համալսարանի հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետում հոգեբանական ծրագրեր են իրականացվում բակալավրիատում և մագիստրատուրայում: Որոշվեց համագործակցությունը խորացնել նախ կառավարման և աշխատանքի հոգեբանության ոլորտներում:

Քանի որ երկու բուհերում էլ ուսումնասիրության առարկա է գործատու-շրջանավարտ-դասախոս կապը, որոշեցին հետազոտություններ կատարել կարիերայի զարգացման ուղղությամբ և հետազոտական աշխատանքներում ներգրավել մագիստրանտներին:

Հյուրերը տեղեկացրին, որ իրենց համալսարանում հատկապես մեծ նշանակություն է տրվում սովորողների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Կարևոր է, որ համալսարանի շրջանավարտներն ունենան բիզնեսով և ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտություններ:

Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» հանդեսում և Տրանսիլվանիա համալսարանի գիտական հանդեսում փոխադարձաբար գիտական հոդվածներով հանդես գալու մասին:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման թեստավորման արդյունքները…..