Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցության օգուտները երկար սպասել չեն տա

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ևս մեկ գործընկեր ունեցավ՝ ի դեմս «Սթրոնգ Փարթներշիփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որը իրավաբանական ծառայություններ է մատուցում ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի: Փետրվարի 5-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և «Սթրոնգ Փարթներշիփ» ՍՊԸ տնօրեն Արշակ Կարապետյանը համագործակցության հուշագիր կնքեցին: Գործընկերների համագործակցությունն ուղղված է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական, ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացմանը, Ակադեմիայի ուսանողների կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպմանը աջակցելուն, Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը և այլն:

«Արտաքին աշխարհի հետ Պետական կառավարման ակադեմիայի համագործակցությունը բավական ընդգրկուն է, մինչդեռ Հայաստանում մեր գործընկերները համեմատաբար քիչ են,- ասաց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը:- Սակայն մենք խրախուսում ենք նաև հայաստանյան ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ գիտակցելով, որ այն անչափ կարևոր է մեր ուսանողների ուսումնական գործընթացը և պրակտիկան կազմակերպելու տեսանկյունից»:

Կառավարման ակադեմիայի ռեկտորը համոզված է, որ այս համագործակցությունը երկուստեք շահավետ է լինելու. Ակադեմիայի «Իրավաբանություն» մասնագիտության սովորողները կարող են ընկերության ներկայացուցիչների աջակցությամբ զարգացնել իրենց գործնական հմտությունները, մասնակցել համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլն: Իսկ «Սթրոնգ Փարթներշիփ» ընկերության համար Ակադեմիան կարող է շատ լավ հարթակ լինել՝ տեղեկանալու նոր սերնդի կարողություններին ու մոտեցումներին: Արսեն Լոքյանի համոզմամբ, կարևորը ցանկությունն է, իսկ համագործակցության օգուտները երկար սպասել չեն տա:

Նոր ստեղծվող համագործակցությունից գոհ էին նաև ընկերության ներկայացուցիչները: Նրանք ուրախ էին համագործակցելու բարձր վարկանիշ ունեցող այնպիսի կրթական հաստատության հետ, ինչպիսին ՀՀ պետական կառավարման ակադեմիան է: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ «Սթրոնգ Փարթներշիփ» ընկերության տնօրեն Արշակ Կարապետյանը կնքված հուշագիրը համարեց պատվաբեր և վստահեցրեց, որ ընկերության իրավաբանների հետ հաճախակի շփումները Ակադեմիայի ուսանողների տեսական գիտելիքներին կավելացնեն նաև գործնական հմտություններ:

Համագործակցության դաշտում արդեն իսկ որոշակի գաղափարներ են ծնվել: Պարոն Լոքյանը նշեց դրանցից մեկը, որը վերաբերում է ուսուցման գործընթացում այսօր լայնորեն կիրառվող իրավիճակային խնդիրների մշակմանը: Ընկերության ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ դեպքերի հետ են առնչվում, որոնք կարող են իրավիճակային խնդրի նյութ դառնալ և ուսանողներին սովորեցնել մտածել, եզրակացության հանգել, որոշում կայացնել:

  

 

 

Նորություններ

Գիտնականի վարկանիշի մասին վկայող գլխավոր ցուցանիշն այն է, թե քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ…