Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցության նոր հասցե՝ Չինաստան

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում սեպտեմբերի 7-ին հյուրընկալվեց Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ Ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուն Լիի գլխավորությամբ։

Երիտասարդ, սակայն հետազոտությունների ոլորտում մեծ փորձ ունեցող հաստատության (գործում է Պեկինում, 1977 թվականից) ներկայացուցիչները մանրամասն պատմեցին իրենց Ակադեմիայի կազմում գործող 40 հետազոտական ինստիտուտների ու կենտրոնների աշխատանքների, գիտության, կրթության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության և այլ ոլորտներում ունեցած ձեռքբերումների մասին:

ՀՀ ՊԿ ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն իր հերթին ներկայացրեց Կառավարման ակադեմիայի առաքելությունը, հետազոտությունների ոլորտում նորաբաց կենտրոնների աշխատանքներում արձանագրված հաջողությունները։ Նա կարևորեց չին գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդումը՝ նշելով, որ Չինաստանի հետ համագործակցությունը նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է:

Իրենց խոսքում պատվիրակության անդամներն անդրադարձան Չինաստանում ակտիվ գործունեություն ծավալող 26 «ուղեղային կենտրոններին»։ Դրանցից երեքի գործունեությունը սերտ կապված է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ, և հավանական է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հնարավոր գործընկերային հարաբերությունները հենց նրանց հետ կձևավորվեն «Մեկ գոտի և մեկ ուղի» չինական նախաձեռնության ուղղությամբ:

ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանն առաջարկեց չին գործընկերների հետ համագործակցել դասախոսների, ասպիրանտների և մագիստրանտների փոխանակման ծրագրերի ուղղությամբ, ինչը երկու կրթական հաստատությունների փորձի ուսումնասիրման և փոխանակման հնարավորություն կընձեռի:

Կողմերը որոշեցին հետագա համագործակցությունն ամրապնդել հուշագրի ստորագրմամբ:

Նորություններ

2017-2018 ուս. տարվա մագիստրատուրայի հեռավար ուսուցման ընդունելություն «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)՝ MBA» կրթական ծրագրի փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: