Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Հակակոռուպցիոն դասընթացը» մեկնարկեց առցանց հարթակում

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀ) և  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) համատեղ իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» ծրագիրը: Սեպտեմբերի 20-ին Zoom առցանց հարթակում մեկնարկեց ծրագրի 2021 թ. աշնանային կիսամյակի «Կոռուպցիայի ներածություն» դասընթացը։ 

Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը: Նրանք խոսեցին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԹԻՀԿ գործունեության, նախկինում համատեղ իրականացված համանման ծրագրերի և դրանց նպատակների մասին։

Դասընթացի պրոֆեսորական կազմին միացել է նաև Նիդեռլանդների ամենահին՝ Լեյդենի համալսարանի ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ավագ դասախոս Մաքս Բադերը։ Դոկտոր Բադերի հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են ընտրությունները, ավտորիտար քաղաքականությունը, ժողովրդավարացումը և նոր լրատվամիջոցները:

Պետական կառավարման ակադեմիայի հետ միասին իրականացվող դասընթացի նպատակը մասնակիցներին բազմակողմանի գիտելիքներ տրամադրելն է կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Դասընթացն անցկացվելու է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, դասընթացի մասնակիցների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և այլ եղանակներով: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…