Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գրադարանները պետք է հասանելի լինեն հատուկ կարիքներով անձանց համար

 

 

Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության ամենախոցելի խումբն են կազմում: Նրանց խնդիրները հայտնվել են նաև «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի ուշադրության կենտրոնում: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկած «Գրադարանների և հասարակության հասանելիությունը հատուկ կարիքներով սովորողների համար» պիլոտային դասընթացի միջոցով այդ խնդիրները ներկայացվեցին մասնակիցների ուշադրությանը: Նրանց նախ ողջունեցին Թերեզա Խեչոյանը (Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր), ԵՄ դիտորդներ Անգելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան):

Դասընթացին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի գրադարանների, ինչպես նաև մի քանի այլ գրադարանների աշխատողներն ու Պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցները:

Դասընթացավար Թերեզա Խեչոյանը նախ ներկայացրեց Ծրագիրը, որի համակարգողը ՀՀ պետական կառավարման ակադեմիան է, ապա խոսեց հաշմանդամության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին: Նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին է ստորագրել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան», իսկ 1993-ին, ԱՊՀ երկրներից առաջինը, Հայաստանն ընդունեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Տիկին Խեչոյանը նաև ներկայացրեց Հայաստանում հաշմանդամների թվի և տարիքային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այնուհետև ցուցադրվեցին տեսանյութեր հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդկանց, նրանց հիվանդությունների մասին: Մեծ հետաքրքրություն առաջացրեց անգլիացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի մասին պատմող ֆիլմը: Հիշեցման կարգով խոսվեց նաև, թե ինչպես պետք է վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձանց, ինչ բառեր ու արտահայտություններ օգտագործել նրանց մասին կամ նրանց հետ խոսելիս:

Քննարկված կարևոր խնդիրներից մեկն էլ գրադարանները հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի դարձնելն է: Խոսքը վերաբերում է թե՛ դրանք տեխնիկական սարքավորումներով ապահովելուն, թե՛ շենքային պայմանները (շենքի մուտքը, թեքահարթակները, հեռակառավարվող դռները, վերելակները և այլն) հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հարմարեցնելուն: Դասընթացի մասնակիցներին տեսանյութերով ներկայացվեցին աշխարհի ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր ու յուրօրինակ գրադարանները:

 

 

 

 

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….