Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագիր. մեկ քայլ առաջ բարձրագույն կրթության բնագավառում

 

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի եզրափակիչ համաժողովը: Ծրագրի մեկնարկը տրվել է ավելի քան երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, ձեռքբերումները, խոսում այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարելով՝ հասել են եզրափակչին:

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանի կրթական համակարգում իրականացվում է հեռավար կրթություն, որի ավարտին շրջանավարտներին համատեղ դիպլոմ է շնորհվելու:

Շնորհավորելով Ծրագրի մասնակիցներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այսօր բարձրագույն կրթությունը, պահպանելով կրթության ավանդական սկզբունքները, պետք է բաց լինի նաև նորարարությունների համար, որպեսզի համաքայլ ընթանա արագ փոփոխվող աշխարհի գործընթացներին:

«Այս ծրագիրը մի կողմից փորձություն էր, մյուս կողմից՝ նորարարություն, համատեղ աշխատանք, որն արդեն պտուղ է տալիս,- ասաց Արսեն Լոքյանը:- Թեև մեր անցած ճանապարհին բազում դժվարությունների հանդիպեցինք, սակայն փորձեցինք գտնել դրանց բոլորի պատասխանները՝ հաճախ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով: Ծրագրի իրականացմամբ մենք մեկ քայլ առաջ ենք կատարում բարձրագույն կրթության ոլորտում»:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանի բնորոշմամբ, այս համաժողովն առանձնահատուկ է:

«Հասարակությունը դեռևս միանշանակ չի ընկալում հեռավար կրթությունը,- ասաց նա:- Սակայն բոլորն էլ՝ կողմ թե դեմ, ընդունում են, որ ապագան հեռավար կրթությանն է»:

ԳԿՄԿ-ի տնօրենը նշեց, որ հեռավար կրթությունը հաստատուն քայլերով առաջ է գնում ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում: Նույնիսկ գիտակրթական կորպորացիաներ են ստեղծվում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառման միջոցով միասնական գիտական տարածք ձևավորվելու նպատակով:

«Ժամանակ և տարածություն չճանաչող կրթության այս ձևը աշխատաշուկայում ևս խնդիրներ կառաջացնի: Հետևաբար մենք հապաղելու իրավունք չունենք»,- ընդգծեց Ալբերտ Սարգսյանը:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի դրամաշնորհների համակարգող Անահիտ Հովսեփյանն արձանագրեց, որ Ծրագրի անցած ճանապարհը թեև բարդ էր ու երկարատև, սակայն մասնակիցների և երկու կրթական հաստատությունների ղեկավարների հաստատակամության շնորհիվ բոլոր դժվարությունները հաղթահարվել են:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը ուրախությամբ նշեց, որ այսօր հասել է աշխատանքի առաջին պտուղները վայելելու պահը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ունեցել Ծրագրի իրականացման գործում, անհրաժեշտության դեպքում լուծումներ են առաջարկել:

Ծրագրի շրջանակում իրականացված քայլերի մասին խոսեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը: Առաջին քայլը եղել է բուհերի տեխնիկական վերազինումը, ապա՝ հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակումը, որին հաջորդել է պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունն ու վերապատրաստումը: Այս ամենից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեք տարի ժամկետով լիցենզիա է տրամադրել Ծրագրի շրջանակում հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու համար: Երկու կրթօջախների համագործակցությունը հաստատվել է համատեղ հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի մասին համաձայնագրով:

Արուսյակ Հարությունյանը խոսեց Ծրագրի ընձեռած նույնականացման հնարավորության մասին, որի նպատակը տվյալների ճշմարտացիությունը հաստատելն է: Նա նշեց, որ այս Ծրագիրը միանշանակ արդյունավետ է, սակայն միաժամանակ այն աշխատատար է թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար:

Հեռավար դասընթացի առանձնահատկությունները, կառուցվածքը և գիտելիքների գնահատման հնարավորությունները ներկայացրին ԳԿՄԿ դասախոսներ Նարինե Մանուկյանը և Արամ Սիմոնյանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբան Գայանե Հովհաննիսյանը խոսեց հեռավար կրթության իրականացման իրավական կարգավորման մասին, ներկայացրեց այն օրենսդրական ակտերը, որոնցով կարգավորվում է հեռավար կրթությունը:

Համաժողովի մասնակիցներին «Բիզնես, պետություն և հասարակություն» փոխգործակցության իրավական կարգավորումը» դասընթացի հեռավար ուսուցման պրակտիկան ներկայացրեց ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Ստեփանյանը:

  

 

 

Նորություններ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սահմանամերձ կամ, ինչպես ընդունված է ասել, սահմանապահ գյուղերի բնակիչները,….