Գրադարանի մասին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանը հիմնադրվել է 1996 թվականին 109 միավոր գրքով, որը գրադարանին է տրամադրվել ՏԱՍԻՍ-2 (ԱՊՀ երկրների տեխնիկական աջակցություն) ծրագիր շրջանակներում։

Գրադարանի գրքային ֆոնդը այժմ 17.259 միավոր է: Գրադարանի ֆոնդը ներառում է հայերեն և օտարալեզու դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտաժողովների նյութեր, բառարաններ, հանրագիտարաններ, ամսագրեր, ատենախոսություններ, սեղմագրեր:

Գրադարանի ֆոնդը պարբերաբար համալրվում է ժամանակակից մասնագիտական գրականությամբ: Համալրումն իրագործվում է գրքափոխանակության, գնումների, բաժանորդագրության, նվիրատվությունների, ինչպես նաև Ակադեմիայի կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով։

Գրադարանում գործում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անկյունը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան՝  www.un.am/hy/virtual-library

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ www.un.am

Այն բացվել է 2014թ. մարտի 17-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: ՄԱԿ-ի անկյունը ներառում է բազմալեզու նյութեր, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի գործունեության տարբեր ոլորտներին՝ մարդու իրավունքներ, տարածաշրջանային խնդիրներ, սոցիալական քաղաքականություն, տնտեսական համագործակցություն, ժողովրդագրական գործընթացներ, քաղաքացիական հասարակության զարգացում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն:

Գիտակցելով արդի գրադարանների դերն ու նշանակությունը, գրադարանի առաքելությունն է նպաստել ուսումնական գործընթացին՝ տրամադրելով տեղեկատվության մատչելիություն և ժամանակակից ծառայություններ։

Աշխատանքային  ժամերը
Գրադարանն աշխատում է`

Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Ժամեր՝ 9։00 – 18։00

Օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի

Ժամեր՝ 9։00 – 19։00

ընդմիջում՝ 13.00- 14.00

 

Աշխատակազմ

Նիկողոսյան Գայանե

Գլխավոր գրադարանավար

Էլ․ փոստ՝ library@paara.am, gayane.nikoghosyan@paara.am

Բարսեղյան Կարինե

Գրադարանավար

Էլ․ փոստ՝ karine.barseghyan@paara.am

Օգտվելու կանոններ

 

 

 

1.ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

  1. Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
  2. Օգտվողների կարգավիճակը ստուգվում է համապատասխան հրամանների միջոցով։
  3. Նախքան գրանցվելը օգտվողները պարտավոր են ծանոթանալ սույն Կարգին Գրադարանում կամ Ակադեմիայի paara.am կայքէջի «Փաստաթղթեր» բաժնում։
  4. Գրանցվելու համար գրադարանից յուրաքանչյուր օգտվողի համար բացվում է սույն Կարգի N 1 հավելվածով հաստատված ձևի գրանցման քարտ, որում նշվում են ընթերցողի տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, անձնագրի սերիա և այլ տեղեկություններ):
  5. Առանց գրանցման քարտի գրադարանում սպասարկում չի կատարվում:
  6. Գրանցվելիս գրադարանից օգտվողները ստորագրում են գրանցման քարտերի (օգտվողի ֆորմուլյար) վրա` հաստատելով, որ ծանոթացել են Կարգին և պարտավորվում են պահպանել դրանք։

 

2.ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Գրադարանի ծառայություններից կարող են օգտվել Ակադեմիայի վարչական, ակադեմիական, գիտական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչները (այսուհետ՝ աշխատող), ուսանողները,ասպիրանտներն ու հայցորդները:
  2. Այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կարող են օգտվել միայն ընթերցասրահից՝ գրադարանի աշխատանքները համակարգող ղեկավարի կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
  3. Գրադարանային ծառայություններից օգտվողն իրավունք ունի․
  • անվճար օգտվելու գրադարանային հավաքածուից, գրադարանային- տեղեկատվական ծառայություններից` սույն Կարգին համապատասխան,
  • գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգի, Ակադեմիայի paara.am կայքէջի միջոցով ստանալու ամբողջական տեղեկույթ գրադարանային հավաքածուի մասին,
  • ըստ սահմանված կարգի երկարացնելու վերցված գրադարանային փաստաթղթերի ժամկետները,
  • օգտվելու գրադարանի համակարգիչներից և անվճար ինտերնետից,
  • ստանալու խորհրդատվական օգնություն գրադարանային փաստաթղթերի և տեղեկատվական աղբյուրների ընտրության ու որոնման հարցում։

    4. Գրադարանային ծառայություններից օգտվողը պարտավոր է.

  • պահպանել գրադարանից օգտվելու կարգը,
  • պահպանել գրադարանի ծառայություններից և գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները,
  • խնամքով վերաբերվել Գրադարանի գույքին,
  • Գրադարանի տարածքում ենթարկվել Ակադեմիայի ներքին կարգապահական կանոններին, ցուցաբերել հարգալից վերաբերմունք մյուս օգտվողների և Գրադարանի աշխատողների նկատմամբ,
  • պահպանել գրադարանային փաստաթղթերի օգտագործման ժամկետները,
  • գիրքը ստանալիս ստուգել դրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակ, նկարազարդումներ, գծագրեր, հավելվածներ և այլն, վնասված լինելու դեպքում հայտնել Գրադարանի աշխատողներին։ Հակառակ պարագայում փաստաթղթի վնասի համար պատասխանատվություն է կրում այն օգտվողը, որը վերջինն է դրանից օգտվել,
  • վերադարձնել Գրադարանից վերցված գրադարանային փաստաթղթերը՝

ա. յուրաքանչյուր կիսամյակի ավարտին,

բ. ուսումնառությունն ընդհատելու, ազատվելու, հեռացվելու դեպքում,

գ. աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում,

  • պահպանել տեխնիկական միջոցներից օգտվելու կանոնները,
  • ընթերցասրահում աշխատելիս պահպանել լռություն։

5. Յուրաքանչյուր ընթերցող պատասխանատվություն է կրում վերցրած գրքերը և այլ տպագիր միջոցները խնամքով պահպանելու և ժամանակին բարվոք վիճակում գրադարանին վերադարձնելու համար:

6. Գրադարանային հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում գրադարանային ծառայությունից օգտվողը պարտավոր է փոխհատուցել։ Գիրքը կորցնելու դեպքում պարտավոր է փոխարինել նույն գրքով կամ գրադարանին անհրաժեշտ մեկ այլ համարժեք գրքով կամ փոխհատուցել դրանց շուկայական արժեքի չափով (գրքի համարժեքությունը որոշվում է ամբիոնի վարիչի կողմից․ ամբիոնի վարիչի գրավոր եզրակացությունը պարտադիր է):

7. Գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում գրադարանի ծառայությունից օգտվողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

1. Գրադարանային փաստաթղթերը դուրս են տրվում միայն գրանցման քարտով:

2. Հազվագյուտ կամ մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, չհրատարակված նյութերից, թեկնածուական և դոկտորական ատենախոսություններից և մագիստրոսական թեզից կարելի է օգտվելմիայն ընթերցասրահում:

3. Գրադարանային փաստաթղթերը ստանալու և վերադարձնելու փաստը ամրագրվում է օգտվողի հաշվառման քարտում, իսկ ընթերցասրահում` սույն Կարգի N 2 հավելվածով հաստատված ամենօրյա գրանցամատյանում։

4. Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել:

5. Սահմանված են գրադարանային փաստաթղթերի տրամադրման հետևյալ ժամկետներն ու քանակը․

  • Ակադեմիայի գրադարանում գրանցված յուրաքանչյուր ընթերցող կարող է վերցնել մինչև յոթ գիրք,
  • գրքերի և այլ տպագիր նյութերի օգտագործման ժամկետը սահմանում է գրադարանավարը` ելնելով գրքի պահանջարկից, չգերազանցելով տասնօրյա ժամկետը,
  • վերցրած գրականության ժամկետը կարող է երկարացվել կամ մերժվել` հաշվի առնելով տվյալ գրքի պահանջարկը,
  • ուսումնամեթոդական գրքերը, դասագրքերը, որոնց քանակը գրադարանում շատ է, տրվում է մեկ կիսամյակ ժամկետով,
  • առանձնակի դեպքերում, երբ առկա է Գրադարանում տվյալ գրքից ընդամենը մեկ օրինակ, այն տրվում է մեկ շաբաթ ժամկետով՝ առանց երկարացնելու հնարավորության,
  • նշված ժամանակահատվածում գիրքը չվերադարձնելու դեպքում ընթերցողը ծանուցվում է գրքի վերադարձման մասին ծանուցման հնարավոր որևէ միջոցով,
  • գրադարանային փաստաթղթերի վերադարձման ժամկետները խախտելու դեպքում օգտվողը զգուշացվում է, կրկնվելու դեպքում` զրկվում գրադարանից օգտվելու իրավունքից։

6. Գրադարանից օգտվելիս պահանջվում է անջատել բջջային հեռախոսները կամ միացնել անձայն ռեժիմով։

 7. Արգելվում է սնունդ բերել Գրադարան, սակայն թույլատրվում է բերել ըմպելիք, եթե ապակե կամ պլաստմասսայե թափանցիկ        շշով է՝ ապահով փակվող կափարիչով:

8. Գրադարանում արգելվում է անհատական համակարգիչները կամ բջջային սարքավորումներն օգտագործել ժամանցային նպատակներով, օրինակ՝ համակարգչային խաղերը խաղալու համար: