Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գիտություն առանց դասագրքի

«Եթե ձեր բիզնեսը ինտերնետում չէ, ձեր բիզնեսը բիզնեսից դուրս կմնա»: Այս խոսքերի հեղինակը Բիլ Գեյթսն է, և նա դրանք ասել է դեռևս 1998 թվականին: Իսկ բիզնեսի առաջընթացն ապահովող մարքեթինգի ամենահետաքրքիր ձևերից մեկը նեյրոմարքեթինգն է, որը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դեկտեմբերի 5-ին  կազմակերպված սեմինարի թեման էր: Սեմինարը վարելու համար Կառավարման ակադեմիան հյուրընկալել էր բիզնեսի զարգացման, մարքեթինգի, հատկապես թվային մարքեթինգի ոլորտի մասնագետ Մայք Լազիևին: Ավելի քան 20 տարի Մայք Լազիևը որպես խորհրդատու և ռազմավարական խորհրդատու է աշխատել Լոնդոնի մի շարք խոշոր ընկերությունների հետ: Բազմաթիվ հաճախորդներ ունի աշխարհի շատ երկրներում՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Բելգիայում: Որպես խորհրդատու աշխատել է նաև Հայաստանի մի շարք մեծ ընկերությունների հետ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց Մայք Լազիևին Ակադեմիայում սեմինար անցկացնելու առաջարկն ընդունելու համար: Սեմինար, որի նպատակը նեյրոմարքեթինգի գործնական կիրառման վերաբերյալ այնպիսի գիտելիք հաղորդելն էր, որ կարող է օգտագործվել մարքեթինգային կյանքում:

«Կարծում եմ, որ սա ապագայի գիտություն է, և մենք, լինելով 21-րդ դարի կրթությամբ զբաղվող մարդիկ, պարտավոր ենք տեղյակ լինել գիտության ժամանակակից ուղղություններից»,- նշեց ռեկտորը՝ մաղթելով արդյունավետ և հետաքրքիր քննարկում:

Մայք Լազիևն էլ շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ սա առաջին հայաստանյան բուհն է, որտեղ թվային մարքեթինգը ներառված է ուսումնական ծրագրերում:

Թվային մարքեթինգի մասնագետի խոսքով՝ նեյրոմարքեթինգը այս պահին ամենատարածված, ամենաանսպասելի և ամենահետաքրքիր ձևերից է ողջ աշխարհում:

«Մարքեթինգի էությունն այն չէ, թե ինչպես եք տարածում տեղեկությունը, այլ այն, թե ինչ տեղեկություն եք տարածում,- ասաց Մայք Լազիևը:-Փոխանցվող տեղեկությունը պետք է լինի կարճ, համառոտ, հստակ: Մարդիկ երկար կարդալ չեն սիրում: Հատկապես երիտասարդությունը երեք տողից ավելի չի կարդում, դրա համար պետք է կիրառել «երեք տողի օրենքը», հիմա՝ նույնիսկ «երկու տողի»: Մարքեթինգը ամեն օր փոփոխվող ոլորտ է: Դա է պատճառը, որ թվային մարքեթինգի դասագիրք անհնար է գրել. մինչև տպվելը այնքան բան կարող է փոխվել, որ նորը գրելու անհրաժեշտություն կառաջանա»:

Խոսելով նեյրոմարքեթինգի մասին՝ սեմինարավարը նշեց, որ ցանկացած մարքեթինգ առաջին հերթին մանիպուլյացիա է սեփական ուղեղի հետ: Դա միշտ է այդպես եղել, սակայն հիմա խնդիրը բարդացել է, քանի որ մեծացել է մրցակցությունը: Այստեղ կարող է օգնության հասնել նեյրոմարքեթինգը, որտեղ մանիպուլյացիան ավելի ուժեղ է:

Մայք Լազիևը հանգամանորեն բացատրեց, թե ինչպես է մարդու ուղեղը որոշում ընդունում: Եվ քանի որ որևէ բան գնելու որոշում ընդունելու գործընթացում 90 տոկոսով պարտական ենք ենթագիտակցությանը, հետևաբար բիզնեսը պետք է աշխատի ենթագիտակցության վրա ազդեցություն գործելու ուղղությամբ:

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………