Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գիտելիքներ ողջ կյանքի համար

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մագիստրանտների գիտելիքների ամրապնդման նպատակով կազմակերպվող խաղ-մրցույթներն ավանդական են դարձել: Մայիսի 14-ին հերթական նման միջոցառմանը մասնակցում էին «Իրավագիտություն» մասնագիտության առաջին կուրսի մագիստրանտները:

Մրցասպարեզում չորս խումբ էր, յուրաքանչյուրում՝ 5-6  մագիստրանտ: Նախապատրաստված հարցերն ընդգրկում էին երկու ոլորտ՝ սահմանադրական իրավունք և ՀՀ արդարադատության համակարգ:  Յուրաքանչյուր թիմի համար նախատեսված էր հինգ հարց և մեկ իրավիճակային խնդիր, որոնք ընտրվում էին վիճակահանությամբ:  

Պատասխանները գնահատվում էին առավելագույնը տասը միավորով, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում էին ՀՀ ՊԿԱ պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ՊԿԱ դասախոս, իրավագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Ստեփանյանը և իրավագիտության մագիստրանտ Կարեն Օսեյանը:

Խաղ-մրցույթի ընթացքը ցույց տվեց, որ ՀՀ ՊԿԱ իրավագիտության առաջին կուրսում սովորում են խելացի, իրենց մասնագիտության կարևորությունը գիտակցող ուսանողներ: Հատկապես տպավորիչ էին իրավիճակային խնդիրներին տրված պատասխանները: Պատահական չէ, որ թիմերի հավաքած միավորները գրեթե հավասար էին: Հանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ մագիստրանտները ոչ միայն ճիշտ պատասխանեցին հարցերին, այլև աչքի ընկան գրագետ խոսքով:

Ամփոփելով արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նախ շեշտեց, որ միջոցառումը գիտելիքների հարստացման, միմյանցից սովորելու հիանալի հնարավորություն էր: Ի վերջո, բոլորի նպատակը հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերելն է, գիտելիքներ, որոնք այսօրվա սովորողներն օգտագործելու են ողջ կյանքի ընթացքում: Տիկին Հակոբյանը դրվատանքի խոսքեր ասաց գրեթե բոլոր մասնակիցներին՝ առանձնացնելով ամենաակտիվներին: Վերջինները Կառավարման ակադեմիայի կողմից խրախուսական մրցանակներ ստացան: Իսկ հաղթող թիմի պարգևը հայատառ գլոբուս էր և էլեկտրոնային կրիչ-գրիչները, որոնց մեջ մագիստրանտները կարող են պահել իրենց համար կարևոր ու թանկ տեղեկությունը:

Հրանուշ Հակոբյանը առանձնահատուկ նշեց խաղ-մրցույթի նախաձեռնող ու կազմակերպիչ Հասմիկ Ստեփանյանի աշխատանքը և համոզմունք հայտնեց, որ սովորողների ուսուցման արդյունավետությանը նպաստող նման մրցույթները շարունակական կլինեն:

Տիկին Ստեփանյանը իր հեղինակած գրքի օրինակները նվիրեց խաղ-մրցույթի բոլոր մասնակիցներին:

 

 

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման թեստավորման արդյունքները…..