Գիտաժողովի երկրորդ օր. Քննարկում աշխատանքային խմբերում

Մայիսի 23-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվեց «Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի երկրորդ օրը պանելային քննարկումներ էին կազմակերպվել Ակադեմիայում զարգացող հինգ գիտական ուղղություններով` հանրային կառավարում, տնտեսագիտություն և գործարարություն, հոգեբանություն, իրավագիտություն, քաղաքագիտություն:

Աշխատանքային խմբերում քննարկումներն ընթանում էին հիբրիդային եղանակով: Առցանց քննարկումներին միացել էին հիմնականում արտասահմանյան գործընկերները: Ակտիվ և կառուցողական գիտական քննարկում էր ծավալվել բոլոր աշխատանքային խմբերում:

«Հանրային կառավարում» խմբում ոլորտի մասնագետները քննարկեցին կադրային քաղաքականությանը, համայնքային ծառայության ոլորտի և տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող և այլ թեմաներ: Հատկապես բուռն արձագանքի արժանացավ բնապահպանության անվտանգության թեմայով զեկուցումը:

«Տնտեսագիտություն և գործարարություն» աշխատանքային խմբում գիտաժողովի մասնակիցները գործընկերների ուշադրությանը ներկայացրին զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, կառավարման գործունեության թվայնացմանը վերաբերող թեմաներ: Կառուցողական քննարկում ծավալվեց տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառման խնդիրների շուրջը:

Կառավարման ոլորտի տարբեր հոգեբանական հիմնախնդիրների վերաբերյալ խորքային հետազոտությունների արդյունքներ ներկայացվեցին «Կառավարման հոգեբանություն» աշխատանքային խմբում: Զեկուցումների շարքում տեղ էին գտել անձի փափուկ հմտությունների, անձնային հասունության, պետության կադրային քաղաքականության, կորպորատիվ մշակույթի, մեդիացիայի, ստեղծարարության  և այլ կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ թեմաներ:

«Իրավագիտություն» աշխատանքային խմբում քննարկման թեմա էին մետամոդեռնի արդարադատությունը, կոռուպցիայի կանխարգեման արդի միջոցները, աշխատանքային իրավունքի և հակակոռուպցիոն օրենսդրության որոշ հարցեր, հանրային ծառայության արդի հիմնախնդիրները:

Պետական իշխանության կերպափոխման կառուցակարգերին, հանրային քաղաքականության հիմնախնդիրներին, հայ ազգային ինքնության հիմնախնդիրներին, հիբրիդային սպառնալիքների չեզոքացման դժվարություններին ու հնարավորություններին և արդիական այլ թեմաների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան «Քաղաքագիտություն» աշխատանքային խմբում ընդգրկված գիտնական զեկուցողները:

Խմբային քննարկումներից հետո կայացավ նաև ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած մենթորության ծրագրի առանձին սեսիան: Հիմնական զեկուցողները Ակադեմիայի մագիստրանտներն էին:

Վաղը` մայիսի 24-ին, միջազգային գիտաժողովը կշարունակի և կամփոփի աշխատանքը:

Leave a Reply