Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գիտական արտադրանքի մատչելիությունը և ազդեցությունը գիտնականի վարկանիշի վրա

 

 

Էրազմուս+ ծրագրով կրկին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում էր Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանի (Ռումինիա) պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին: Ակադեմիայի աշխատակիցների, ասպիրանտների և ուսանողների հետ հանդիպում-քննարկման թեման գիտաչափության մեթոդներն ու ցուցիչներն էին, որոնց պրոֆեսորը հանգամանորեն անդրադարձավ իր դասախոսության ընթացքում:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը վստահեցրեց, որ ունկնդիրները հետաքրքիր տեղեկություններ կստանան տիկին Ռեպանովիչի աշխատանքի ոճի, մոտեցումների ու մեթոդների մասին:

Վերջինս անդրադարձավ գիտնականի վարկանիշի մասին վկայող ցուցիչներին՝ նշելով դրանցից ամենակարևորը՝ քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ հատվածներ մեջբերել դրանցից իր հետազոտություններում:

Անջելա Ռեպանովիչին խոսեց գիտաչափության մեթոդների ու ցուցիչների մասին, որոնք նպաստում են հետազոտության ազդեցության և տեսանելիության բարձրացմանը: Նշեց, որ դրա համար նախ անհրաժեշտ է, որ գիտական աշխատանքով զբաղվող հանրությանը հասանելի լինի գիտնականի աշխատությունը, ապա ներկայացրեց գիտական հանդեսներում հրապարակված հոդվածներին արված հղումների տարեկան ցուցիչը:

Բանախոսը նշեց այն գիտական հանդեսները, շտեմարանները, տեղեկատուները, որոնք առավել բաց ու մատչելի են հետազոտողների համար: Անդրադարձավ մատենագիտական տվյալների բազայի ստեղծման, մատենագիտական վերլուծության և տեսանելիության գործիքների կիրառման, տեղեկատվության գնահատման կարևորությանը: Ինստիտուցիոնալ պահոցների ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորեց իրենց համալսարանի օրինակով, ներկայացրեց նաև համալսարանի կրթական ծրագրերը:

Հասկանալու համար, թե որքանով է լսարանը յուրացրել դասախոսության հիմնական ուղերձը և ներկայացված տեղեկությունը, ավարտին տիկին Ռեպանովիչին ինտերակտիվ խաղ-մրցույթ կազմակերպեց: Հնչեցին հարցեր, որոնց պատասխանները պետք էր փնտրել դասախոսության մեջ:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման թեստավորման արդյունքները…..